01/18/2025

Ինչո՞ւ Սիսիանում համայնքապետի թեկնածուներից մեկը դադարեցրեց ընտրապայքարը

Ինչո՞ւ Սիսիանում համայնքապետի թեկնածուներից մեկը դադարեցրեց ընտրապայքարը

Սիսիանում համայնքի ղեկավարի ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Համբարձումյանը նոյեմբերի 2-ին հայտարարեց, որ դադարեցնում է ընտրապայքարն ու քարոզչությունը. Աժ-ում նոյեմբերի 2-ին լրագրողներին այս մասին  տեղեկացրեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, թե դա եղել է ԲՀԿ թեկնածուի որոշումը, եւ ինքը չի կարող ասել, թե ինչով էր պայմանավորված դա:


Սիսիանում համայնքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Փոխարենը նրա նախընտրական շտաբից տեղեկացանք, որ դա Կարեն Համբարձումյանի կողմից տակտիկական քայլ է: Իրականում Կարեն Համբարձումյանը հայտարարել է քարոզարշավն ու ընտրապայքարը դադարեցնելու մասին, բայց նրա անունը լինելու է ընտրաթերթիկներում:


Այսինքն՝ բոլոր այն սիսիանցիները, ովքեր ուզում են քվեարկել Կարեն Համբարձումյանի օգտին, կկարողանան իրենց ձայնը տալ Կարեն Համբարձումյանին: Իսկ ընտրապայքարից հրաժարվելու պատճառը, ինչպես մեզ ասացին Համբարձումյանի շտաբից, եղել են բավականին մեծ ճնշումները Սիսիանում համայնքապետի  մյուս՝ ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանի աջակիցների կողմից: Սիսիանից մեզ լուրեր հասան, որ հատկապես գյուղերից շատ մարդկանց վերջին 2 օրերին «հրավիրել» են ոստիկանության բաժին՝ ամենատարբեր՝ հաճախ աննշան պատճառներով, բայց հասկացրել են, որ նրանք չպետք է աշխատեն Կարեն Համբարձումյանի օգտին: Արթուր Սարգսյանից այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ եւս չհաջողվեց՝ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:


Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ եւ համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Մամուլում նշվում էր, որ Սիսիանի փոխոստիկանապետը Արթուր Սարգսյանի բարեկամն է, իսկ ավելի կոնկրետ՝ աներձագը, եւ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ:


Armtimes.com-ին Կարեն Համբարձումյանն այս կապակցությամբ պատասխանել էր, որ անձամբ ինքը ապացուցելի՝ փաստերով հիմնավորված նման բան չի տեսել, իսկ Արթուր Սարգսյանը մեզ հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունները:

Գեւորգ Ավչյան
03/11/2017
armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: