01/18/2025

Նոյեմբերի 5-ի սյունիքյան ընտրությունների գլխավոր բացահայտումը

Նոյեմբերի 5-ի սյունիքյան ընտրությունների գլխավոր բացահայտումը

Կապան, Սիսիան, Քաջարան բազմաբնակավայր համայնքներում կիրակի օրը տեղի ունեցան համայնքի ղեկավարի ու ավագանու, Գորիսում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ:


Նախորդած անցուդարձի, ընտրությունների արդյունքների եւ հետեւանքների մասին ասվել ու ասվում է:


Բայց բախվեցինք նորահայտ մի երեւույթի, որ արժանի է առանձնակի ուշադրության:


Պաշտոնավարման առաջին օրերից սկսած Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն առաջնահերթ խնդիր կամ գերխնդիր համարեց իր անձի շուրջ քարակապ ու արծաթաշաղախ պարիսպ (պաշտպանական կառույց) շինելը՝ զանգվածային լրատվամիջոցներից (առաջին հերթին՝ մայրաքաղաքային լրատվամիջոցներից) թաքնված մնալու, հարկ եղած դեպքում նրանց գրոհներին դիմակայելու ու հակահարձակման անցնելու համար: Եվ այդ պարսպի կառուցման ու պահպանման համար, ըստ քաջարանյան իրազեկ աղբյուրների, ամսական ծախսում էր եւ ծախսում է մի քանի տասնյակ մլն դրամ:


Թե որ լրատվամիջոցներն են մայրաքաղաքում ստանձնել Վահե մարզպետի պաշտպանությունը՝ առավել քան ակնհայտ է:


Վերջին ամիսների իրադարձությունների եւ հատկապես սյունիքյան ընտրություններին նախորդած անցուդարձի հանրայնացման աստիճանը ցույց տվեց սակայն, որ պաշտպանական այդ կառույցը, որքան էլ արծաթաշաղախ է, չափից ավելի փխրուն ու ոչ դիմացկուն է, իսկ առանձին հատվածներում՝ ճաքճքված կամ լրիվ փլված:


Եվ հօդս ցնդեց մարզպետի սպասավորների կաղկանձն առ այն, թե իբր իրենց պատրոնը կարող  է փողով փակել մայրաքաղաքային ամեն մի լրատվամիջոցի բերան:


Արդյունքում՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք մի պաշտոնյա, որ այնքան հետեւողականորեն ու հանգամանալից, նաեւ արդարացիորեն, դատափետվի ու ծաղրուծանակի ենթարկվի, որքան նա:


Անտարակույս, նրա դիմակազերծումը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար, որովհետեւ մայրաքաղաքային բազում լրատվամիջոցներ, որքանով տեսնում ենք, թքած ունեն Վահեի փողերի վրա, որովհետեւ այդ լրատվամիջոցները հիմնականում եղել ու մնում են ազնվության, անաչառության դիրքերում:


Ստեղծված իրավիճակը, որքան էլ կույր ու ցինիկ ձեւանանք, սովորական չէ: Խնդիրն այն է, որ Վահե Հակոբյանն այլեւս մեծ ու ծանր բեռ է երկրի ղեկավարության համար: Իշխող քաղաքական ուժի, վարչախմբի դիրքերը Սյունիքում ամրապնդելու, պետության վարկանիշը բարձրացնելու փոխարեն իր արտառոց վարքագծով գրեթե ամեն օր հաջողում է վարկաբեկել ե՛ւ պետական կարգը, ե՛ւ երկրի ղեկավարներին:


Վերջնականապես բացահայտվել է մեկ այլ իրողություն եւս՝ մարզպետարանի անունից կամ մարզպետարանի բլանկի վրա երբեմն-երբեմն լույս աշխարհ եկող պաշտոնական պարզաբանումները, մամուլի համար նախատեսված հաղորդումները, լրատվամիջոցների հարցումների պատասխանները պատրաստվում են Ազգային ժողովի աշխատասենյակներից մեկում եւ շատ հաճախ տարածվում են առանց Վահե Հակոբյանի գիտության, առանց նրա կարծիքը հարցնելու:


Մայրաքաղաքային հեղինակավոր լրատվամիջոցներից աջակցություն ստանալն այլեւս անհնարին համարելով, Ազգային ժողովի վերոնշյալ աշխատասենյակում մոգոնվել ու ներկայումս կյանքի է կոչվում մեկ այլ ծրագիր՝ Սյունիքում Վահե Հակոբյանի ընտանեկան լրատվամիջոցների ցանց ստեղծելու ծրագիր, որի խնդիրը կլինի գոնե սյունիքյան լսարանում Վահեին պաշտպանելն ու ներքին սպառման համար նյութեր հորինելն ու տարածելը:


Ծրագիրը, որի համար ահռելի գումարներ են ծախսվում, գլխավորում է սյունիքյան Պանդորայի համբավ ձեռք բերած եւ Սյունիքում մարիոնետային կառավարում հաստատած ոչ անհայտ Էլիզաբեթը:


Տեսնենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: