01/18/2025

Հայաստանից 105 կգ հերոինի բացահայտման հետքերով. թմրանյութի ներկրումը խորն արմատներ ունի

Հայաստանից 105 կգ հերոինի բացահայտման հետքերով. թմրանյութի ներկրումը խորն արմատներ ունի

Հայաստան ներկրված հերոինի պատմությունը, կարծես թե, ավելի խորն արմատներ ունի, քանի կարելի էր պատկերացնել: Եվ, առհասարակ, հերոինին առնչվող քրեական գործերը մեր երկրում խորհրդավորության քողով են պատվում: Թե ինչու, դժվար չէ կռահել: Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ վերջին դեպքը:


ՊԵԿ-ը բացահայտեց
Նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Հաղորդագրության համաձայն՝ ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ հերոին: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:


Կատարվածից երկու ամիս անց
Նկատենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված, չէր թե երբ է Թուրքիայի քաղաքացին փորձել Հայաստան ներկրել «հերոինը», ուստի դատելով իրավիճակից՝ բոլորի մոտ տպավորությունն այնպիսին էր, որ դեպքը եղել է պաշտոնական հաղորդագրությունից մեկ կամ երկու օր առաջ, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն իրականացրեց, եւ պարզվեց, որ այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականի օգոստոս ամսին, եւ, չգիտես ինչու, ՊԵԿ-ը որոշել է կատարվածի մասին հիմա տեղեկացնել: Ինչո՞ւ, արդյո՞ք քննության արդյունքները ՊԵԿ-ին չեն բավարարել, դրա համար էլ որոշել են հանրայնացնել բացահայտումը: «Ժողովուրդ», օրաթերթը պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե ինչու են նրանք շուրջ երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած հերիոնի ներկրման փորձի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում նոյեմբերի 1-ին: Ի պատասխան մեր հարցի՝ ՊԵԿ-ից ընդամենը հայտնեցին, որ ընթացակարգով են առաջնորդվել՝ այլ մանրամասներ չներկայացնելով: Թե ինչու է ընթացակարգը թելադրել, որ 2.5 ամիս անց հայտարարություն տարածեն, այդպես էլ անհայտ մնաց:


ԱԱԾ-ի խորհրդավորությունը
Դիմեցինք նաեւ ազգային անվտանգության ծառայություն՝ հասականալու համար, թե ինչ է արվելու հայտնաբերված հերոինի հետ, եւ ինչ փուլում է գտնվում քրեական գործը: Ի պատասխան մեր հարցադրումների՝ ԱԱԾ-ից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Ու մինչ ԱԱԾ-ն կպատասխանի մեր հարցերին, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ 105 կգ հերոինի գործով նախաքննությունն ավարտական փուլում է: Մոտ օրերս գործով նախաքննությունը կավարտվի, եւ այն կուղարկի դատարան:


Պաշտպանը՝ բացահայտման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան հերոին ներկրման համար ամբաստանյալի աթոռին հայտնված Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիին սկզբում հանրային պաշտպան են տրամադրել՝ ի դեմս Դավիթ Մնացականյանի, սակայն նա հրաժարվել է եւ մասնավոր պաշտպան է պահանջել, որն էլ Գարիկ Մալխասյանն է:


«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գարիկ Մալխասյանի հետ:


-Պարո՛ն Մալխասյան, ե՞րբ է բացահայտվել 105 կգ հերոին Հայաստան ներկրելու դեպքը:


- Դեպքը հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, երկու, նույնիսկ երկու ամսից մի քիչ ավել է անցել դեպքից:


- Հստակ չե՞ք հիշում օրը:


- Ո՛չ, գործի նյութերն այս պահին ձեռքումս չեն, չեմ կարող հստակ օրը ասել:


- Այսինքն՝ շուրջ 2,5 ամիս է, ինչ ԱԱԾ-ն քննում է այս քրեական գործը:


- Այո, երկու ամիս է, ինչ նախաքննություն է գնում:


- Ֆերդի Օզդեմիրիին ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը:


- Մեղադրանքի հետ կապված, գործի քննության ընթացքի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել Ձեզ:


- Այս դեպքի մասին հանրությանը հայտնի դարձավ նոյեմբերի 1-ին, միչդեռ այն բացահայտվել է ամիսներ առաջ, Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված:


- Ես տեղյակ չեմ՝ լրատվամիջոցները դեպքի մասին երբ են տեղեկացել, բայց գործը երկու ամիս առաջ է հարուցվել:


- Իսկ ո՞ր փուլում է գտնվում քրեական գործը:


- Կարծում եմ, որ ավարտական:


Այսպիսով՝ մեր՝ վերեւում ներկայացված պնդումը, որ Հայաստանում հերոինի ներկրման դեպքով հարուցված քրեական գործերը խորհրդավորության քողի տակ են պահվում, իրականություն դարձավ նաեւ այս պարագայում:


Անհետացած 77 կգ հերոինն ու բացահայտումը
Սակայն չմոռանանք հերոինի՝ շուրջ 4 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որի մասով եւս շատ հարցեր մնացին օդից կախված: 2013թ. դեկտեմբերին կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել այս անգամ էլ 927 կգ հերոին: Սակայն անցկացված փորձաքննության արդյունքներով` հերոինի քաշը իբր նվազել էր՝ հասնելով 850 կգ-ի: Այս քրեական գործով դատական նիստերին էլ չբացահայտվեց փաստը, թե ինչո՞ւ սկզբում 927 կգ եղած հերոինը վերջում դարձավ 850 կգ, եւ ո՞ւր անհետացավ 77 կգ հերոինը: Միայն հայտնի դարձավ, որ Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 850 կգ «հերոինը» ոչնչացվեց: Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված 105 կգ-ից որքա՞ն կպակասի, եւ, առհասարակ, այս թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա:

armlur.am
Քնար Մանուկյան
13 նոյեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: