01/19/2025

Կեղծ մեջբերումների նոր բացահայտումներ Վահե Հակոբյանի հայցադիմումի մեջ

Կեղծ մեջբերումների նոր բացահայտումներ Վահե Հակոբյանի հայցադիմումի մեջ

«Սյունյաց երկիր» թերթի կայքում Վահե Հակոբյանի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրի ոչ հավաստի լինելու մասին արդեն գրել ենք: Գրել ենք նաեւ, որ նա դիմել է դատարան՝ պնդելով, որ այդ հրապարակման մեջ տեղ են գտել զրպարտող արտահայտություններ իր անձի մասին:


Սակայն շատ շուտով բացահայտվել է, որ հայցադիմումի իրավական հիմքում դրված է նաեւ ՀՀ սահմանադրության՝ գոյություն չունեցող չորս հոդված:


Հիմա էլ պարզվում է, որ հայցադիմումի մեջ ՀՀ օրենքներից կեղծ մեջբերումները դրանով չեն ավարտվել:


Իրավական նորահայտ անհեթեթությունների մասին՝ ստորեւ:


Վահե Հակոբյանի հայցադիմումի 2-րդ էջում գրված է՝ ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ սահմանադրությունից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից»:


Բացում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը. այնտեղ բոլորովին այլ բան է գրված՝ «Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները»:


Վահե Հակոբյանի հայցադիմումի 9-րդ էջում նշված է՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի … 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը»:


Բացում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածը: Պարզվում է՝ նախ, այդ հոդվածն 1-ին կետ ընդհանրապես չունի: Ավելին՝ 13-րդ հոդվածը միանգամայն այլ բովանդակություն ունի՝ «Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ եւ արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ՝ դատական ակտեր)»:


Վահե Հակոբյանի հայցադիմումի 9-րդ էջում կարդում ենք՝ «Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները, որոնցից մեկն իրականացվում է վնասներ հատուցելով»:


Բացում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը. նորից այլ բան է գրված՝ «Դատական ակտերի պարտադիր լինելը»:


…. Ճիշտն ասած այլեւս չի զարմացնում Վահե Հակոբյանի հայցադիմումի ողորմելի մակարդակը: Չի զարմացնում նրա իրավաբանների՝ իրենց շեֆին ամեն գնով խայտառակելու ակնհայտ միտումը կամ հոսհոսությունը:


Մեզ զարմացնում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առեղծվածային պահվածքը:


Կարո՞ղ էր դատարանը նման անփույթ մակարդակով եւ աղավաղումներով ներկայացված հայցադիմումը վերադարձնել հայցվորին՝ սխալները շտկելու ազնիվ նպատակով: Իհարկե կարող էր, ավելի ճիշտ՝ պարտավոր էր:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 92-ի 1/1 կետը սահմանում է՝ «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ 1)չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված՝ հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջները»:


Իսկ ահա, թե ինչ է ասում վկայակոչված 87 հոդվածի 2-րդ կետը՝ «Հայցադիմումում պետք է նշվեն՝ 4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, 5)հայցապահանջները հաստատող ապացույցները»:


Դա նշանակում է, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց առաջ առնվազն պետք է պարզեր, թե իրավական ի՞նչ հիմքերի վրա են կառուցված հայցապահանջները, բայց չի պարզել, քանի որ (կարելի է ենթադրել) մարզպետի հայցադիմումն էր:


Ստեղծված իրավիճակը, անշուշտ, մտահոգիչ է եւ հարցականի տակ է դնում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անկողմնակալությունը եւ անկախությունը:


Մենք ակնկալում ենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանի պահվածքը ծառայողական քննության առարկա կդառնա պատկան մարմիններում:


Առնվազն պետք է պատասխան տրվի հարցերին՝ դատավորն օրենքի եւ իր պարտականությունների չիմացությա՞մբ է հայցադիմումը նման տեսքով վարույթ ընդունել, թե՞ իմացել է հայցադիմումի մեջ տեղ գտած կեղծ վկայություն-հղումների մասին, բայց չի կարեւորել կամ շրջանցել է դրանք ու հայցադիմումը վարույթ ընդունել ոչ պատշաճ վիճակում:


Երկու դեպքում էլ, կարծում ենք, Ժաննա Ասատրյանը չի կարող դատաքննել տվյալ հայցադիմումը:
Ելնելով վերը շարադրվածից՝ նախնական դատական նիստի առաջին իսկ օրը (դեկտեմբերի 15-ին), հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 21-ը եւ ՀՀ դատական օրենսգրքի հոդված 91-ը, միջնորդություն կներկայացնենք դատավորի ինքնաբացարկի մասին:

Դատավորը, կարծում ենք, կհարգի Հայաստանի Հանրապետության դրոշն ու զինանշանը՝ դրված դատարանի դահլիճում, կհիշի ՀՀ դատական օրենսգրքի հոդված 91-ը եւ բացարկ կհայտնի: Իսկ 91-րդ հոդվածն ասում է՝ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ»:


Համոզված ենք, որ դատավոր Ժաննա Ասատրյանը, հանուն Հայաստանի Հանրապետության, դեկտեմբերի 15-ին ինքնաբացարկ կհայտնի, քանի որ նրա անկողմնակալությունն այլեւս ողջամիտ կասկած է հարուցում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: