01/19/2025

Դահլիճում աշնան գույներն ու տրամադրություններն էին

Դահլիճում աշնան գույներն ու տրամադրություններն էին

Հեռացող աշնանն էր նվիրված Կապան խոշորացված համայնքի Սյունիքի միջնակարգ դպրոցի ռուսերենի ուսուցիչուհիներ Էլիզա Բաղդասարյանի եւ Նելլի Խաչատրյանի կազմակերպած ցերեկույթը «Ոսկե աշուն» խորագրով, որ տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին:


Դրսում առաջին ձյունն էր տեղացել, աշնանային գույներն ու տրամադրությունները տեղափոխվել էին կրթօջախի դահլիճ: Տարբեր դասարանների աշակերտները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, արտասանեցին Աֆանասի Ֆետի, Նիկոլայ Նեկրասովի, ռուս մյուս պոետների բանաստեղծություններից, առաջադրեցին աշնանային թեմաներով հանելուկներ, ներկայացրին նորաձեւության նմուշներ՝ ոգեւորություն եւ ժպիտ պարգեւելով ներկաներին:


Միջոցառմանը մասնակցում էին Կապանի լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչներ:

Կրթօջախի տնօրեն Լիլիթ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ աշնանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար, նրանց մաղթեց, որ շրջապատված լինեն աշնանային գույներով, հավելելով, որ այն գույներն ու տրամադրությունները, որ աշունն է տալիս, հնարավոր չէ հանդիպել տարվա որեւէ այլ եղանակի: Մանկավարժների եւ դպրոցականների նախաձեռնության մասին խրախուսական խոսքեր ասաց Կապանի լեռնահարստացման կոմբինատի հասարակության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության բաժնի պետ Գայանե Թադեւոսյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: