01/13/2025

ՍերԺ Սարգսյան. «… Դուք պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել»

ՍերԺ Սարգսյան. «… Դուք պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել»

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:


Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը:
                                                             ***
Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարեւելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:


Նույն օրը Հանրապետության նախագահը ներկա է գտնվել զորամասերից մեկում նորակառույց ճաշարանի, մեկ այլ զորամասի զորանոցի եւ զինծառայողների համար բազմաբնակարանանոց բնակելի շենքի բացման արարողություններին, բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար պարգեւատրել զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին:


«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում եւ յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաեւ նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին եւ ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ եւ պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում», - ասել է նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն եւ հպարտ կեցվածք:

president.am
2 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: