01/19/2025

«Ֆոտոլուրը» նշեց հիմնադրման 15-ամյակը

«Ֆոտոլուրը» նշեց հիմնադրման 15-ամյակը

Դեկտեմբերի 1-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում բացվեց «Ակնթարթ» խորագրով ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին: Բացման արարողությունը նշանավորվեց այս տարիների ընթացքում գործակալության «ստեղծած» լավագույն լուսանկարների ցուցադրությամբ, պարգեւատրումներով: Ներկաները հնարավորություն ունեին վայելել  գործակալության՝ տարբեր տարիներին հավերժացրած ակնթարթները՝ քաղաքական, մշակութային, մարզական եւ մի շարք այլ կարեւորագույն իրադարձությունների հետ կապված:


Միջոցառման ընթացքում ներկայացվեց գործակալության ստեղծման պատմությունը, նրա ներկա գործունեությունը: «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002թ.՝ հայտնի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Ստեղծման օրվանից այն օպերատիվ կերպով ֆոտոլրատվություն է տրամադրում հանրապետությունում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձությունից: Հանդիսանալով առաջին մասնավոր եւ անկախ ֆոտոգործակալություն՝ «ֆոտոլուր»-ը համագործակցել եւ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան հայտնի լրատվամիջոցների եւ գործակալությունների հետ: Մինչ օրս լուսանկարիչների աչքից չվրիպող կադրերն արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, մասնավորապես Reauters, EPA, Associated Press, France Press եւ այլ լրատվամիջոցների, ինչպես նաեւ Սփյուռքի: Ավելին՝ Վահրամ Բաղդասարյանի՝ «Էլեկտրիկ Երեւան» ակցիայի ժամանակ արված լուսանկարը հայտնվեց աշխարհահռչակ ամսագրերի էջերում, եւ Reuters գործակալությունն էլ այն դասեց տարվա լավագույն լուսանկարների շարքին:


Ինչպես նշված էր գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, գործակալության կայացմանը նպաստել են լուսանկարիչներ Մելիք Բաղդասարյանը, ով գործակալության ներկայիս ղեկավարն է, Մխիթար Խաչատրյանը, Հայկ Բադալյանը: Իսկ Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանները նոր խոսք բերեցին ֆոտոլրատվության ոլորտ: Տարիների ընթացքում թիմն ընդլայնվել է ու նպաստել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության զարգացմանը:


Ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը շնորհավորանքի խոսք հնչեցրին ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Երեւանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը: Հնչեցվեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:


«Ֆոտոլուր» գործակալությանը գործունեության 15-ամյակի առթիվ հանձնվեց ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագիր՝ գործունեության 15-ամյակի, ինչպես նաեւ թանգարանի հետ համագործակցության համար, իսկ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու,  ֆոտոլրագրության բնագավառում նշանակալի ավանդի եւ ձեռքբերումների համար՝ «Երեւան» հուշամեդալ:


Վերջում Մելիք Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին մասնակցելու, պարգեւատրվելու եւ համագործակցության համար:


Ինչպես այդ օրերին լույս տեսած հրապարակումներից մեկում նշել է Մելիք Բաղդասարյանը. «Պատմությունը նաեւ կերտվում է լուսանկարների միջոցով», իսկ գործակալության հիմնադիր Հերբերտ Բաղդասարյանն ասել է. «Ֆոտոլրագրությունը միայն մասնագիտություն չէ, այն կենսակերպ է»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: