01/19/2025

Տարօրինակ իրավիճակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. մարզպետը հայց է ներկայացրել, բայց եւ խիզախություն չի ունեցել մասնակցել դատական նիստին

Տարօրինակ իրավիճակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. մարզպետը հայց է ներկայացրել, բայց եւ խիզախություն չի ունեցել մասնակցել դատական նիստին

2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրում սկսել է մի դատավարություն, որ կոչված է քննելու Արթուր Օրբելյանի հեղինակած հոդվածը՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համըկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի առկայության մասին», որը հրապարակվել է syuniacyerkir.am կայքում:


Հայցադիմումը դատարան է ներկայացրել մարզպետ Վահե Հակոբյանը:


Հայցն ընդդեմ Արթուր Օրբելյանի է եւ ընդդեմ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության:


Հայցվորը պահանջում է իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, նաեւ՝ հերքում:


Դատական նիստը սկսվել է նշանակված ժամին:


Նախագահող դատավորն է Ժաննա Ասատրյանը:


Դատական նիստում «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության շահերը ներկայացնում էր Սամվել Ալեքսանյանը:


Արթուր Օրբելյանի շահերը պաշտպանում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սուրեն Գրիգորյանը:


Ինչպես եւ սպասվում էր՝ դատական նիստին ներկայանալու խիզախություն չէր ունեցել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, թեեւ սահմանված կարգով դատարանի կողմից ծանուցվել էր դատական նիստի օրվա եւ ժամի մասին: Հայցվորը նաեւ ներկայացուցիչ չէր ուղարկել դատարան:


Նախագահող դատավորը տեղյակ չէր, թե ինչու դատական նիստին չի ներկայացել Վահե Հակոբյանը կամ թե ինչու ներկայացուցիչ չի ուղարկել:


Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը երբեք էլ չի մասնակցելու այդ դատաքննությանը: Ըստ նույն աղբյուրի՝ նա ընդամենը տպավորություն է փորձում ստեղծել, որ իր պատիվն ու արժանապատվությունը դատական կարգով պաշտպանելու քաջություն ունի, ինչն իբր կզսպի նման հրապարակումների լույս աշխարհ գալը հետագայում:


Եվ, այդուհանդերձ, զարմացած ենք՝ մարդը դիմում է դատարան՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու խնդրանքով, բայց չի ներկայանում դատական նիստի՝ պնդելու, հիմնավորելու, հավաստելու իր ասելիքը եւ հայցապահանջները:


Ինչեւէ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրում մեկնարկած դատական նիստը հետաձգվել է, այն կվերսկսի 2018 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 14-ին:


Հուսանք, որ Վահե Հակոբյանը գոնե այս անգամ անձամբ կգա դատարան, այլապես ստիպված կլինենք բարձրացնելու նրան դատականչելու ու հարցաքննելու խնդիրը, քանզի առանց նրան հարցաքննելու այս վեճը չի կարող օբյեկտիվ եւ արդարացի լուծում ստանալ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: