01/19/2025

Սիսիանի համայնքապետարանում երկու տեսակի զուգարանի թուղթ են առնում՝ էլիտար հետույքների եւ սովորական

Սիսիանի համայնքապետարանում երկու տեսակի զուգարանի թուղթ են առնում՝ էլիտար հետույքների եւ սովորական

Խոշորացված Սիսիան համայնքի համայնքապետարանի աշխատակազմի 2018 թվականի գնումների պլանը, որը մի քանի օր առաջ է ստորագրվել նորընտիր համայնքապետ Արթուր Սարգսյանի կողմից, զետեղվել է gnumner.am-ում: Պլանի ուսումնասիրությունից պարզ է դառնում, թե ինչ ապրանքների, նաեւ ինչ ճաշակի ու ախորժակի տեր աշխատակիցներ ունի համայնքապետարանը:

Մասնավորապես կենցաղային եւ հանրային սննդի նյութերի ցանկում առանձին տողերով նշված է երկու տեսակի զուգարանի թուղթ, որոնցից մեկը՝ էժան 150 դրամ, մյուսը հատուկ՝ 250 դրամ արժողությամբ: Ընդ որում՝ հատուկ նշված է թղթի ֆիրման՝ Selpak: Էժանանոց զուգարանի թղթից նախատեսվում է գնել 600 հատ, իսկ համեմատաբար թանկանոցից՝ 15 հատ: Թե որ արտոնյալների համար է նախատեսված թանկանոց զուգարանի թղթից օգտվելու պատիվը՝ հայտնի չէ: Գնումների պլանով նախատեսվում է նաեւ 650 դրամ արժողությամբ 120 հատ բնական հյութ գնել: Ի տարբերություն զուգարանի թղթի՝ հյութի դեպքում ֆիրման նշված չէ: Համայնքապետարանը գնելու է նաեւ 10 կգ շաքարավազ՝ 420 դրամով, 27 կգ կոնֆետ, այն էլ ոչ էժանանոց, այլ 5 հազար դրամանոց: 3 հազար դրամանոց աղացած սուրճ՝ 12 կգ, 10 կգ էլ լուծվող սուրճ՝ 2 հազար 500 դրամանոց, հատուկ ,ռաստվարիմի կոֆեե նախընտրողների համար: Թեյի սիրահարները համայնքապետարանում, դատելով գնումների պլանից, այնքան էլ շատ չեն, քանի որ նախատեսված է գնել ընդամենը 3 կգ սեւ թեյ, բայց 11 հազար 350 դրամանոց: (Տեսնես՝ ովքե՞ր են այդ նուրբ քիմքի տեր թեյասերները):


Համայնքապետարանը 0.5 լիտրանոց հանքային ջրերից էլ կգնի՝ 270 հատ 250 դրամանոց, 270 հատ 260 դրամանոց: Երեւի 10 դրամով թանկ հանքային ջրերը հատուկ համայնքապետի հյուրերի համար է նախատեսված: Սիսիանի նոր աշխատակազմը կգնի նաեւ մի շարք կենցաղային պարագաներ, մասնավորապես կողպեք եւ կողպեքի միջուկ, հոտազերծիչ, գոգաթի, հատակի փայտ եւ այլն եւ այլն: Գրենական պիտույքներից կապույտ, կարմիր եւ սեւ գրիչներ՝ 85 դրամանոց, մատիտ, ռետին, գրասենյակային դանակ, CD դիսկ եւ այլն: Նկատենք, որ թերթերին բաժանորդագրություն առկա չէ գնումների պլանում, փոխարենը թերթերին տպագրական ծառայությունների վերաբերյալ տող կա: Նախատեսվում է 1 ծառայություն, 400 հազար դրամով:


Ըստ պլանի՝ գրենական պիտույքների վրա համայնքապետարանը 932 հազար 750 դրամ կծախսի, կենցաղային եւ հանրային սննդի նյութերի վրա՝ 928 հազար 810 դրամ, ապրանքների վրա՝ 1 մլն 196 հազար դրամ, տրնասպորտային նյութերի վրա՝ (բենզին ու անվադեղեր, հատը՝ 250 հազար դրամով, բենզին՝ լիտրը 400 դրամով), 5 050 000 դրամ, ծառայությունների համար՝ 10 մլն 290 հազար դրամ: ՔԿԱԳ բաժնի ծառայությունների համար էլ նախատեսվում է ծախսել 515 հազար դրամ: Ընդամենը՝ 18 մլն 912 հազար 560 դրամ: Ֆինանսավորումը նախատեսվում է Սիսիան համայնքի 2018 թ. բյուջեից:

hraparak.am
Հեղինե Մանուկյան
19 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: