01/19/2025

«Աշտարակ կաթը» Սյունիքի բնակիչներին տարիուկես է չի վճարում 7,6 միլիոն դրամ պարտքը

«Աշտարակ կաթը» Սյունիքի բնակիչներին տարիուկես է չի վճարում 7,6 միլիոն դրամ պարտքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչներին: Ընկերությունը չի վճարել 2016 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին մթերած կաթի գումարը: Պարտքը 7 միլիոն 600 հազար դրամ է կազմում:

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին, անգամ ելք է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, համայնքը, ավագանու որոշմամբ, կարող է գնել «Աշտարակ կաթի»` Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը մանկապարտեզի նախկին շենքն է, եւ այդ գումարով մարել պարտքերը:

Նա անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին է տեղեկացրել: Երբ վարչապետը մարզ էր այցելել, գյուղացիներն իրենց խնդրի մասին ահազանգել էին: Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարել էր կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել եւ լուծել խնդիրը:

«Ասել են, որ պետք է սնանկացման գործընթացն ավարտվի, պարտքերը մարվի ու նոր գյուղացիների գումարները վճարվի», - հայտնեց նա:

Գյուղացիները պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից է ընկերությունը խաբում իրենց: Անընդհատ գումարի վճարման վերջնաժամկետ են հայտարարել ու ձգձգել այն: Անասնատերերին զգուշացրել են, որ պարտքը մաս-մաս կվճարվի, բայց գումար այդպես էլ չեն ստացել: Գորայքցիները նշեցին, որ ընկերության պատճառով գյուղը սնանկ վիճակում է հայտնվել:

«Մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել: Մեր մեկ տարվա ապրուստն ենք կորցրել: Գումար տվեցինք՝ անասնակեր գնեցինք, ամբողջ տարին չարչարվեցինք, 100 դրամով կաթը հանձնեցինք ու այսօր առանց գումար նստեցինք», - սրտնեղեցին մեր զրուցակիցները:

21 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: