01/22/2025

Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության եւ սանմաքրման վճարովի գործառույթի մեջ. Դավիթ Լոքյան

Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության եւ սանմաքրման վճարովի գործառույթի մեջ. Դավիթ Լոքյան

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը: Նախարարի խոսքով` նախագծով պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում Սյունիքի մարզում կոշտ կենցաղային թափոնների կարգավորումը, որքան աղբավայր է մնում ժամանակավորապես, ինչպիսի սխեմաներ են աշխատելու, որոնք պետք է հանգեցնեն գնի` ոչ մեծ ամպլիտուդայով բարձրացմանը, ինչպիսի վերբեռնման կայաններ են ստեղծվելու, որոնք հեշտացնելու են թափոնների հավաքագրման ծախսերը:

«Ցանկանում ենք մասշտաբային էֆեկտ ունենալ, երբ Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության եւ սանմաքրման վճարովի գործառույթի մեջ: Այսօր 156 աղբավայրից փակվել է 86-ը: Միջանկյալ փուլում շահագործման մնալու են 43-ը, որոնք առաջիկա տարիների ընթացքում պետք է փոքրացվեն` դարձվեն 2-ը, մեկը` Ղափան-Մեղրի, մյուսը` Գորիս-Սիսիան տարածքի համար»,- հայտնեց Դավիթ Լոքյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրին: Նախարարի խոսքով` ծրագիրը ցույց է տվել, որ բազմաթիվ կարգավորումների խնդիր կա: «Երկրում կա կոշտ թափոնների մասին օրենք, որը կարգավորում է վտանգավոր թափոնների հարցը, այս փոփոխությամբ կկանոնակարգվի կենցաղային աղբի խնդիրը: Սահմանվել են մեխանիզմներ, թե ինչպիսի գանձումներ կկատարվեն, որ առաջիկա տարիներին չգերազանցվի 400 դրամ սահմանագիծը, եւ թե ինչ պատժամիջոցներ կսահմանվեն»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Վերջերս մարզպետերի հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ձեւակերպել ենք, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն, որ սանմաքրման, աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ: Մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից որոշի կապիտալ ծախսեր անել համայնքում, ապա մենք նրան լրացուցիչ գումար կտանք: Սրանով մենք կարող ենք հենց 2018-ին շատ լուրջ էֆեկտ ստանալ: Այսինքն` մենք այստեղ ակնկալում ենք, որոշակի արմատական փոփոխություն եւ ակտիվություն»:

yerkir.am
28 դեկտեմբերի 2017թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: