01/19/2025

Վահանավանքում աշխուժանում է հոգեւոր կյանքը

Վահանավանքում աշխուժանում է հոգեւոր կյանքը

Զորավոր է Կապանից յոթ կմ դեպի արեւմուտք՝ լեռների պռնկին թիկնած Վահանավանք (Հովաննավանք) միջնադարյան հոգեւոր տաճարը, այնքան զորավոր, որ դիմացել է հազարամյա փորձություններին: Այն մեր միջնադարյան հոգեւոր պատմամշակութային հազվագյուտ կոթողներից է, որ պահպանվեց ու վերականգնվեց՝ դառնալով սրբազան ուխտատեղի, հոգեւոր գոհար, նախնյաց փառքի զուսպ վկա, սյունեցու հպարտություն: Մեր նախնիների աղոթքներով ներծծված սրբատաշ պատերը հավատ, կորով, խաղաղություն են հաղորդում յուրաքանչյուր քրիստոնյա այցելուի: 

Ամեն կիրակի սուրբ Գրիգոր Lուսավորիչ եկեղեցում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում են նաեւ մկրտություններ եւ հարսանիքներ: Բայց 2018թ. հունվարի 1-ին՝ առաջին անգամ՝ հարյուրամյակներ հետո, Վահանավանքում  մատուցվեց Ամանորի սուրբ պատարագ, այնուհետեւ՝ Ճրագալույցի, Քրիստոսի սուրբ ծննդի պատարագ, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:

Մարդաշատ էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին: Ոգեւորությամբ ու գոհունակությամբ հավատացյալները հաղորդակից եղան սրբազան խորհրդին:

Պատարագիչը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ավետիք Մարտիրոսյանն էր, ով մեկ տարուց ավելի է, ինչ Վահանավանքի հոգեւոր հովիվն է: Նա «Սյունյաց երկրին» տեղեկացրեց, որ ուխտավորների շնորհիվ եկեղեցին ձեռք է բերել նոր սրբապատկեր, կանթեղ ու վարագույր, շուտով ձեռք կբերվեն նաեւ աթոռներ: Տեր Ավետիքը փոխանցեց նաեւ, որ շուտով նոր մկրտարանում հնարավոր կլինի մկրտության արարողակարգ անցկացնել: 

Արարողության ավարտից հետո տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանն օրհնության խոսք ուղղեց ներկաներին եւ ամբողջ քրիստոնյա ժողովրդին. «Թող յուրաքանչյուր մարդ գտնի Աստծու պատկերը եւ զգա նրա ներկայությունը, որպեսզի իր հոգու մեջ լցվի  խաղաղություն եւ այն տարածի իր օջախում եւ մեր երկրում»:

ՄԱՆԵ ԾԱՏՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: