01/19/2025

Գորիսի պետհամալսարանի գիտխորհուրդը չեղյալ է համարել երկու ֆակուլտետում կայացած դեկանների ընտրությունների արդյունքները

Գորիսի պետհամալսարանի գիտխորհուրդը չեղյալ է համարել երկու ֆակուլտետում կայացած դեկանների ընտրությունների արդյունքները

Ընթերցողին արդեն տեղյակ ենք պահել Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետում տեղի ունեցած դեկանների ընտրությունների արդյունքների մասին:

Ընտրությունները տեղի էին ունեցել համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետում, ինչպես եւ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետում:

Տեղյակ էինք պահել, որ ֆակուլտետների խորհուրդներում կատարված ընտրություններին  նախորդել էին իրադարձություններ, որոնք, ըստ համալսարանականների, անդրադարձ են ունեցել քվեարկության օբյեկտիվության, ֆակուլտետների խորհուրդների անդամների ազատ կամարտահայտման վրա: 

Տեղյակ էինք պահել նաեւ, որ ֆակուլտետների խորհուրդներում կատարված ընտրությունների արդյունքները պետք է հաստատվեն կամ չհաստատվեն համալսարանի գիտական խորհրդում, որից հետո միայն ռեկտորը կարող է քննարկել հարցը՝ աշխատանքային պայմանագիր (թեկուզ եւ փորձաշրջանով) կնքո՞ւմ է ընտրված դեկանների հետ, թե՞ ոչ:

Սյունիքյան հանրության շրջանում մեծ արձագանք գտած, տարբեր ու հակասական խոսակցությունների տեղիք տված այդ ընտրությունների արդյունքները քննարկվել են Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 2018թ. հունվարի 19-ի նիստում:

Նիստը վարել է ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

Ինչպես տեղեկացնում են Գորիսի պետական համալսարանից, գիտխորհրդի նիստն անցել է բուռն բանավեճերի ու ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Առանձնապես ակտիվ են եղել գիտխորհրդի ուսանող անդամները, ովքեր ամոթալի եւ անթույլատրելի են համարել համալսարանի ռեկտորի վարկաբեկմանը, ինչպես եւ նրա առաջնորդությամբ իրականացվող բարեփոխումներին ընդդիմանալուն, խոչընդոտելուն միտված ամեն ամի քայլ:

Գիտխորհուրդն ի վերջո չեղյալ է համարել 2017թ. դեկտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետում տեղի ունեցած դեկանների ընտրությունների արդյունքները:

Ենթադրվում է, որ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, գործող կարգի համաձայն, կնշանակի ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարներ (անորոշ ժամկետով) կամ կհայտարարի նոր ընտրություններ: 

Գիտական խորհրդի նիստում քննարկվել է նաեւ համալսարանի արհմիութենական կազմակերպության գործունեությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխանեցնելուն միտված հարց:

Գորիսի պետական համալսարանում Արտուշ Ղուկասյանի նախաձեռնությամբ իրականացվող արմատական փոփոխությունների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ կփորձենք ներկայացնել առաջիկայում:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: