01/13/2025

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը: Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաեւ տարածաշրջանային կայունության շատ կարեւոր բաղադրիչն է:

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության եւ կանոնավոր բանակի բացակայություն եւ գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի առանձնահատուկ ընկալում:Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում եւս Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը փայփայելու եւ գուրգուրելու են իրենց առաջնեկին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ երկար ընդմիջումից հետո տեսավ հայկական զինական ուժի վերածնունդը, տեսավ նրա ամրացումն ու կայացումը: Մենք այն սերունդն ենք, որը ոչ միայն տեսավ, այլեւ մասնակիցը եւ վերակերտողը դարձավ այդ բանակի: Պատմական հանգամանքների բերումով, իսկ ավելի ճշգրիտ ձեւակերպմամբ` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պարտադրանքով, Արցախյան ազատամարտի բերումով, մեր անկախ պետականության շենքը մենք սկսեցինք կառուցել ինքնապաշտպանությունից: Բանակը դարձավ մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:

Մեր ազատամարտիկները, իսկ հետագայում արդեն զինվորներն ու սպաները անցան փառահեղ մարտական ուղի՝ դնելով այսօրվա բանակի հիմքերը: Տոնական այս օրն առիթ է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:

Գաղտնիք չէ, որ այսօր մենք որակապես այլ բանակ ունենք` զինված ամենաարդիական զինատեսակներով, հագեցած ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք շարունակում ենք եւ շարունակելու ենք հետեւողականորեն բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Այդ նպատակով ընդունվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, ինչը կյանքի ենք կոչելու ժամանակացույցին համապատասխան: Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական եւ ավելի ուժեղ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք եւ ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարեւոր տոնի խորհուրդն ու իմաստը:

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

president.am

28 հունվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: