08/05/2020

Նվիրված բանակի օրվան

Նվիրված բանակի օրվան

Հայոց բանակի տարեգրությունը չափվում է 26 տարով, հունվարի 28-ը նրա ծննդյան օրն է, այդ առիթով Կապանի մշակույթի կենտրոնի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ, կազմակերպվել էր ցուցադրանք «Հզոր բանակ. մեր հաղթական Արցախյան պատերազմը» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան պատերազմի նահատակների հարազատներ, մերօրյա պատերազմի մասնակիցներ, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: «Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի միջոցառումների կազմակերպիչ Ռուզաննա Գալստյանը եւ դպրոցական Նարեկ Գաբրիելյանը ներկայացրեցին հայոց բանակի կազմավորումն ու անցած ուղին, մասնավորապես, այն միտքն ընդգծվեց, որ հայկական բանակի ստեղծման գործում վճռորոշ դեր խաղաց 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, ինչով նոր իրավական եւ գործնական հեռանկարներ բացվեցին ազգային բանակի ստեղծման խնդրում: Նաեւ նշվեց, որ հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը, հայոց բանակին արյան ավիշ տվեցին արվեստագետն ու բանվորը, գիտնականն ու շինականը, զինվորն ու զորականը: Ուստի բանակի ստեղծումն ու կայացումը տոն են ոչ միայն բանակայինների համար:

Մշակույթի կենտրոնի կիթառի ստուդիայի սաները (ղեկավար՝ Մայիս Հակոբյան) հանդես եկան բանակին ու հայ զինվորին ձոնված երգերով, հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ: Կապանի զինկոմի տեղակալ, մայոր Գարիկ Ներսիսյանը, Կառլեն Թադեւոսյանը, Վարդան Ավագյանն արժեւորեցին օրվա խորհուրդը, խոսեցին ազգ-բանակ փոխհարաբերության որոշ դրսեւորումների մասին: Բոլորի խոսքն էլ ավարտվում էր նույն նախադասությամբ. «Շնորհավոր բանակիդ օրը, սիրելի զինվոր»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: