08/05/2020

Փաստաբանների նախազգուշական գործադուլը

Փաստաբանների նախազգուշական գործադուլը

Հունվարի 30-ին Կապանի Երկաթուղայինների 3/39 հասցեում գտնվող փաստաբան Ռուբեն Ղազարյանի փաստաբանական գրասենյակում հավաքվել էին մարզկենտրոնի փաստաբանները՝ միանալով իրենց գործընկերների՝ Հայաստանի փաստաբանական պալատի անդամ փաստաբանների հայտարարությանը եւ պահանջելով ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը (հոդված 73. դատական սանկցիա կիրառելը): Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցել է ՀՀ դատական օրենսգիրքը:

Ըստ ամենայնի՝ որպես նախազգուշական քայլ կապանցի փաստաբանները՝ իրենց գործընկերների պես բողոքի ակցիա էին իրականացնում՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով՝ դատական սանկցիայի կիրառումը կկաշկանդի փաստաբաններին իրենց գործունեությունն իրականացնելիս: 

Փաստաբան Արշավիր Խալափյանի փոխանցմամբ՝ եթե Դատական օրենսգրքի օրինական ուժի մեջ, եթե այդ տեսքով եւ ընդունվի փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը, յուրաքանչյուր սկզբունքային փաստաբան կհայտնվի փակուղու առաջ, որովհետեւ մի քանի սանկցիա կիրառելու դեպքում կհայտնվի սնանկության եզրին: Քանզի նրա հաշիվների, գույքի վրա կալանքներ կդրվեն: Ինչի հետեւանքով փաստաբանն ու նրա ընտանիքը կհայտնվեն ծանր վիճակում: Խոսքը ՀՀ դատական օրենսգրքի 73 հոդվածի 11 կետին է վերաբերում, ըստ որի՝ դատական տուգանքը կիրառվում է մինչեւ 100 հազար ՀՀ դրամի չափով: Փաստաբանները մտահոգություն էին հայտնում այն առիթով, որ անգամ բողոքարկելու դեպքում սանկցիան չի կասեցվելու: 

Փաստաբանները վճռական էին տրամադրված, եթե նախազգուշական այդ գործադուլի արդյունքում փոփոխություն չլինի, մտադիր են հետագայում ավելի լուրջ քայլերի դիմել՝ համոզմունք հայտնելով, որ իրենց կմիանան նաեւ շարքային քաղաքացիները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: