09/27/2020

Հայրենաճանաչությունը սկսվում է դպրոցից

Հայրենաճանաչությունը սկսվում է դպրոցից

Այս պարզ ճշմարտությանը լավագույնս հետամուտ են Մեղրու թիվ 1 դպրոցում: Պատմության ուսուցչուհի Նաիրա Հայրապետյանի եւ մի խումբ ուսուցչուհիների ջանքերով կրթօջախի երրորդ հարկի մի հատվածը վերածվել է հայրենագիտական սրահի: Տեղական ինքնակառավարման օրը՝ նոյեմբերի 10-ին, դպրոցում կազմակերպված միջոցառումն անցկացվեց հայրենագիտական սրահում: «Համայնքը, որտեղ ապրում եմ ես» ընդհանուր խորագիրը կրող ցուցադրանքը երկու մասի է բաժանված՝ «Համայնքն իմ շուրթերով», որտեղ ներկայացված են դպրոցականների շարադրություններն ու խոհերն իրենց բնօրրանի մասին եւ «Համայնքն իմ աչքերով», որի ներքո զետեղված էին աշակերտների կողմից արված գեղանկարները՝ Մեղրու պատմաճարտարապետական հուշարձանների եւ բնապատկերների արտացոլումներով:

Ցուցադրանքում ուշագրավ շատ բան կարելի է գտնել Մեղրու կամ որ նույնն է՝ պատմական Արեւիք գավառի (ըստ «Աշխարհացույցի») մասին, մասնավորապես, սելջուկյան, պարսկական, թուրքական տիրապետության օրոք տարածաշրջանը կոչվել է Գենուազ (Գենվազ): Արեւիքը հին եւ միջին դարերում գտնվել է Դվինի, Նախիջեւանի, Օրդուբադի եւ Փայտակարանի նշանավոր ճանապարհների վրա, զգալի դեր է խաղացել Սյունյաց նահանգի զարգացման գործում:

Մեղրին հարուստ է պատմական հուշարձաններով, որոնցից են Մեղրու վանքը, Շվանիձորի ջրանցույցը, Ագարակի քարավանատունը, բազմաթիվ կամուրջներ, Մեղրու սուրբ Աստվածածին եւ սուրբ Հովհաննես Մկրտիչ տասնութ եւ տասնիններոդ դարերի որմնանկարներով եկեղեցիները, Կարճեւանի սուրբ ուխտը, Մանլեւի կուսանաց անապատը: Նշանավոր մեղրեցիներ են Երեմիա Մեղրեցի բառարանագիրը, Դավիթ Բեկի զինակից Պապ զորավարը, Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Ռոբերտ Արզումանյանը, ակադեմիկոսներ Էդվարդ Աղայանը, Էմիլ Գաբրիելյանը, Կարապետ Մելիք-Օհանջանյանը, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը,1917-1918թթ. Երեւանի քաղաքապետ Թադեոս Տոշյանը, ինժեներատեխնիկական ծառայությունների գեներալ-մայոր Տիգրան Մելքումյանը:

1927-ին Հայաստանում շրջագայել է հայտնի գրող եւ հրապարակախոս Մարիետա Շահինյանը (ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում): Ըստ ամենայնի եղել է նաեւ Մեղրիում, քանզի Մեղրին ոչ ավել, ոչ պակաս համեմատել է Ատլանտիդայի հետ: «Մեղրեցու բնակարանը երկու-երեք հարկանի լավ տուն է՝ երկու-երեք հյուրասենյակով, որոնք ընդարձակ են, կահավորված են փափուկ կահույքով ու գորգերով, հրաշալի թավշով կամ Շամախու մետաքսով երեսապատված թախտերով, դաշնամուրով, գրամաֆոնով, գրադարանով… Եվ սկսում ես մտածել, թե իջել ես օվկիանոսի հատակը, ընկել Ատլանտիդա»:

Մեղրուն ջերմ տողեր է ձոնել նաեւ հայտնի դաշնակցական գործիչ Սիմոն Վրացյանը:                «… Բարձրացեք գետի ափով: Հետզհետե նեղացող լայն հովիտ է վառ կանաչով: Փարթամ թթենիներն ու խաղողի որթատունկերը հետզհետե իրենց տեղը զիջում են ծիրանենուն, կեռասենուն, դեղձենուն ու նշենուն, սերկեւիլենուն, սալորենուն, տանձենուն, խնձորենուն: Հարուստ է Արեւիքը համեղ պտուղներով եւ բնության այլազան բերքով: Մեղրիի գինին իր նմանը չունի:

Մեղրի գետի երկու կողմից բարձրանում են կանաչ լեռները: Եվ լեռների վրա՝ ճոխ արոտավայրերը, հավանաբար յայլաները, որ Արեւիքի գյուղական բնակչությունն անցկացնում է ամառը իր անասուններով: Տեսե՞լ եք հայ լեռնաբնակների կարագի եւ սերի համը, վայելե՞լ եք հայ գյուղացու հյուրասիրությունը յայլաներում…

Մենք հեռանում էինք. ետեւը մնաց կամուրջներ չհանդուրժող Արաքսը: Մյուս ափին՝ աննման Մեղրին, Մեղրի գետի կանաչ հովիտն իր անզուգական գեղեցկությամբ»:

Ուշագրավ տեղեկություններ կան ցուցադրանքում Մեղրու կենտրոնում գտնվող չորս սոսիների մասին, որոնց մասին ասում են, թե 400-600 տարեկան են: Դրանց մոտ ժամանակին հանդիպել են Դավիթ Բեկն ու Մխիթար սպարապետը: Մի սոսու փչակի մեջ հայ զինվորները պահել են իրենց սրերը, նետերն ու վահանները: Մյուսի մեջ աշխատել է մի կոշկակար, ով միանգամից չորս հաճախորդ է ընդունել:

Առաջիկայում հայրենագիտական սրահը կհամալրվի նոր բաժիններով եւ նյութերով: Նաիրա Հայրապետյանի փոխանցմամբ՝ նոր ցուցադրանք են նախատեսում՝ նվիրված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-րդ տարեդարձերին եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Ինչպես նաեւ նպատակ ունեն պատերից մեկը նվիրել ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված ցուցադրանքին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: