01/19/2025

ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին

Հարգելի պարոնայք

Մոտ մեկ տարի շարունակ եւ անընդհատ «Սյունյաց երկիր» թերթի ու syuniacyerkir.am կայքի միջոցով  բարձրաձայնում ենք Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության՝ Վահե Հակոբյանի հակաօրինական գործողությունների, կամայականությունների մասին:

Եվ ոչ մի արձագանք. տպավորություն ունենք, որ Սյունիքի մարզն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության մեջ, որ Սյունիքում չի գործում Հայաստանի սահմանադրությունը:

Ու այդ անտարբերությունն ու թողտվությունն օրեցօր նոր եւ չարորակ դրսեւորումներ են ունենում:

2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում ինձ առեւանգելու փորձ է կատարվել:

Ես հայտարարել ու հայտարարում եմ, որ առեւանգման փորձի պատվիրատուն կարող էր լինել Վահե Հակոբյան մարզպետը: Ենթադրություն եմ հայտնել նաեւ, թե ով կարող էր հանցագործներին կամ պատվիրատուին տեղյակ պահել իմ hետդարձի երթուղու մասին:

Դրանից հետո Վահե Հակոբյանի գործունեությունն ավելի ագրեսիվ եւ անհավասարակշիռ է դարձել «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի հանդեպ: Թերթի գործունեությունը կասեցնելուն միտված նրա նպատակին հավելվել է մեկ ուրիշ խնդիր եւս՝ հանրության ուշադրությունը շեղել Տամբովում կատարված հանցագործությունից:

Եվ մարզպետը դիմել է ամենաստոր քայլին՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը. նա իր ենթակա դպրոցի տնօրեններին պատվիրել է դիմումներ գրել ոստիկանության Կապանի ու Գորիսի բաժիններ՝ ընդդեմ խմբագրի ու խմբագրության:

Նույնաբովանդակ այդ դիմումների հիման վրա շատ արագ ոստիկանության Կապանի բաժնում մարզպետի պատվերով հարուցվել են քրեական գործեր:

Հարգելի պարոնայք

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Եթե ի վերջո Ձեզ հետաքրքրում են Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սյունիքում տեղի ունեցող հակաօրինական գործողությունները եւ մարզպետի կամայականությունները, ապա ժամանակ գտեք եւ ծանոթացեք մեր թերթի ու կայքի հրապարակումներին: Եվ կհամոզվեք, թե ինչու է գործող մարզպետը թերթի գործունեության կասեցումը եւ խմբագրին ասպարեզից հեռացելը հայտարարել մարզպետարանի եւ իր կյանքի գլխավոր նպատակ:

Հարգելի պարոնայք

Մենք ազգովի հայտարարեցինք եվրոպական ընտանիքին ինտեգրվելու մեր պատրաստակամության մասին:

Մի՞թե եվրոպական ընտանիքի անդամ համարվող երկրում մի մարզպետ, չունենալով ոչ մի արժանիք, չունենալով վաստակ մեր անկախ պետության մեջ, կարող է պատվերով քրեական գործեր սարքել անկախ լրատվամիջոցի ու նրա խմբագրի դեմ:

Հույս ունեմ, որ գոնե ուշացումով Ձեզ կհետաքրքրի Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը եւ ազատ խոսքի, լրագրողների օրինական գործունեության դեմ ամիսներ առաջ սանձազերծված եւ իր գագաթնակետին հասած արշավը:

Հարգանքով՝ 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: