01/19/2025

Նախագահն այցելել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նախագահն այցելել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության եւ գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաեւ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար հանրապետության նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաեւ վաստակավոր մանկավարժի կոչում:

Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաեւ բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է այն կարեւոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգեւատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգեւները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաեւ ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարեւոր է, եւ այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարեւորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք», - ասել է հանրապետության նախագահը:

Նախագահն այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ համալսարանի ներկայիս գործունեությունը: 

president.am

09.02.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: