01/19/2025

Սյունիքի եւ Վայոց ձորի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է սուբվենցիաների տրամադրման գործընթացը

Սյունիքի եւ Վայոց ձորի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է սուբվենցիաների տրամադրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 6-ին Սիսիան քաղաքում հանդիպել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համայնքների եւ վարչական ղեկավարների, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցների եւ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես` անդրադարձել 2018 թվականին համայնքներին տրամադրվող սուբվենցիաների նոր ընթացակարգին: «Եթե համայնքները ծրագիր են կազմում որեւէ կապիտալ ծախս անելու համար եւ նախատեսում են գումար այդ ամենի համար՝ կարող են դիմել Կառավարությանը։ Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների համար պետությունը պատրաստ է համաֆինանսավորել համապատասխանաբար 60/40 եւ 40/60 հարաբերակցությամբ։ Այսինքն՝ տնտեսական զարգացման տնտեսական ենթակառուցվածքները մենք դնում ենք որպես առաջնայնություն՝ ոռոգման ջրագծերը, գյուղատնտեսական տեխնիկան։ Օրինակ, եթե ծրագրի գումարը կազմում է 50 մլն դրամ՝ Կառավարությունը վճարում է 60 տոկոսը, իսկ համայնքը՝ 40։ Սոցիալական ծրագրերի դեպքում հակառակն է՝ 40-ը պետական բյուջեից, իսկ 60-ը՝ համայնքից»,- նշել է Կարապետյանը:

ՀՀ ՏԿԶ փոխնախարարը տեղեկացրել է, որ սուբվենցիաների հայտերը կընդունվեն մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը եւ ներկայացրել է դրանց ընդունման չափորոշիչները: Ըստ նրա՝ մինչեւ 100 մլն դրամ բյուջեով համայնքը պետք է պատրաստ լինի գոնե 5 մլն դրամ նախատեսել կապիտալ ծախսերի ուղղությամբ, եւ սուբվենցիաների գործընթացը միտված է նրան, որպեսզի խրախուսի համայնքներին՝ իրենց ընդհանուր բյուջեում կապիտալ ծախսերը հնարավորինս ավելացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համայնքների բյուջեներին եւ ընդհանուր խնդիրներին, ինչպես նաեւ ներկայացվել է համայնքային տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման թեմային: Վարազդատ Կարապետյանը սպառիչ պատասխաններ է տվել ներկաներին հուզող հարցերին, տեղեկացրել նաեւ, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ համայնքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Փոխնախարարը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու, եւ այսօրինակ հանդիպումները ՀՀ բոլոր մարզերում նպաստելու են նորանոր ծրագրերի իրականացմանը:

mtad.am

06.02.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: