01/20/2025

Վարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել

 Վարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու եւ զարգացնելու համար: Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել Երեւանում:

Ռեզա Արդաքանիանը վարչապետ Կարապետյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները եւ համոզմունք հայտնել, որ երեւանյան նիստը նոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար: Ռեզա Արդաքանիանը վարչապետին է ներկայացրել միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերն ու անդրադարձել փոխգործակցության ուղղություններին: Նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը եւ ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները եւս հաջողությամբ են ընթանում եւ ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին: Ռեզա Արդաքանիանը կարեւորել է «Արաս» եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Մեղրի հէկի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր: 

Վարչապետ Կարապետյանը ողջունել է նշված ոլորտներում գործակցության զարգացումը եւ անհրաժեշտ համարել առեւտրաշրջանառության ծավալերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Առեւտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված են խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ եւ պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր եւ պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում է երկու բարեկամ երկների միջեւ տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու այլ հարցերի:

gov.am

27 փետրվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: