01/20/2025

Երեք անչափահաս երեխայի, 10 հազար դրամի գողության ու «անսիրտ» դատարանի մասին

Երեք անչափահաս երեխայի, 10 հազար դրամի գողության ու «անսիրտ» դատարանի մասին

Օրեր առաջ սոցցանցերում քննարկումների առիթ դարձավ Հասմիկ Սարգսյանի՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.09.2017-ի վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվելու հարցը, եւ ըստ որոշ կարծիքների՝ արդարացի չէ սոցիալական վատ պայմաններում ապրող ու իր խնամքի տակ 3 անչափահաս երեխաներ ունեցող կնոջը 10.000 դրամ գողանալու համար այդքան խիստ ու անհամաչափ պատժի դատապարտել:

Տեղեկացնենք, որ Հասմիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել, ըստ որի՝  նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչված Մարիետա Հովհաննիսյանի  բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»:

Datalex  տեղեկատվական համակարգում դատական գործի մանրամասներն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Հասմիկ Սարգսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանը վերոնշյալ հանցագործությունը կատարել է 01.12.2015 թվականի դատավճռով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի 7-րդ մասի համաձայն` պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել եւ պատիժ նշանակել նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:

Բացի այդ, Հասմիկ Սարգսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2016 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ պատիժ է նշանակվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, այս անգամ՝ արդեն 5 (հինգ) տարի ժամկետով: Ամբաստանյալը սույն հանցագործությունը կատարել է 29.04.2016 թվականի դատավճռով սահմանված փորձաշրջանի ընթացքում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի 7-րդ մասի համաձայն` պատիժը պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել եւ պատիժ նշանակել նույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով:

Ստացվում է՝ Հասմիկ Սարգսյանը մինչեւ 2017թ. հուլիսի 4-ի կատարած գողությունը 2015թ-ին եւ 2016թ-ին երկու անգամ դատապարտվել է ազատազրկման, սակայն պատիժը երկու դեպքում էլ պայմանականորեն չի կիրառվել, իսկ քննարկման առարկա դարձած 10.000 դրամի գողության դեպքն արդեն քաղաքացու կողմից փորձաշրջանում գտնվելու պայմաններում կատարվող 3-րդ հանցագործությունն է, ինչի պատճառով էլ վերջինս 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել:

Գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում։

Այսքանը։

yerkirmedia.am

27.03.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: