«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սառնակունք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Դալի (Ծղուկ) գետի վրա, որի երկարությունը 20 կմ է: «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ի տնօրինությունը թույլ չտվեց փորձագիտական խմբին մուտք գործել ՓՀԷԿ-ի տարածք, այդ պատճառով դիտարկումներն արվել են հեռվից:
Ներկայացնում ենք փորձագիտական խմբի դիտարկումների արդյունքները, ինչպես նաեւ ՓՀԷԿ-ի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն ըստ նախագծի՝ 84 մ է, հաշվարկային ճնշումն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի՝ 75 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի՝ 1.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի, 853կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ. ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.31 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն ըստ նախագծի՝ 3.163 մլն. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 07.04.2010-07.04.2025թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 16.12.2014-16.12.2024թթ.:
- Ըստ ՋԹ-ի` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ x=45051՚11.6՚՚, y=39041՚20.6՚՚՚, վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի՝ H=2174.0 մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2140մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=45050՚42.0՚՚, y=39040՚09.1՚՚, ներքին բիեֆի նիշը` ըստ ՋԹ-ի՝ H=2084.0մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2045մ է:
- Նախագծով նախատեսված է բետոնե ջրթափ պատվարով ջրընդունիչ:
- Ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չուներ:
- Նախագծով եւ ՋԹ-ով նախատեսված է ձկնապաշտպան կառույց:
- Դալի գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն դիտարկվել:
- Ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի տվյալների՝ ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 2196մ է, իսկ տրամագիծը՝ 1մ է:
- Դալի գետի վրա կառուցված «Սիսական», «Սիսական ՀԷԿ-1», «Դալի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (12511մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 62.55 %-ը: «Սիսական», «Սիսական ՀԷԿ -1» եւ «Դալի» ՓՀԷԿ-երը կասկադային են:
- «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի՝ տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է իրականացնել ջրառ` գետում ապահովելով 0.04մ3/վ բնապահպանական թողք:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2016թ. աշխատել է 11 ամիս` բացառությամբ օգոստոսի եւ արտադրել 2,306,158 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
- Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ում նախատեսված է 3 հիդրոագրեգատ:
- Նախագծով նախատեսված է կանաչապատում:
- Նախագծով նախատեսված է ռեկուլտիվացիա, շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրերով ապահովում:
- Առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
Առաջարկություններ
- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, որը կունենա ֆունկցիոնալ նշանակություն եւ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից եւ ջրօգտագործման ռեժիմից կապահովի նորմալ աշխատանք եւ բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման եւ ձկների հուսալի տեղաշարժի համար:
- Քանի որ «Սիսական-1» ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծային հզորությունը, առաջարկվում է վերանայել ՓՀԷԿ-ի ջրատնտեսական հաշվարկները: Շրջակա տարածքների բնական միջավայրի եւ գետային էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման նպատակով առաջարկվում է ավելացնել բնապահպանական ելքի սահմանված`40լ/վրկ չափաքանակը, քանի որ որ նույն գետի վրա կառուցված «Դալի» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածի համար, որն ունի նույն ջրային ռեժիմը, բնապահպանական ելքը սահմանված է 80 լ/վրկ (նույն գետահատվածում կառուցված «Սիսական» ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 20լ/վրկ): Պետք է փաստել, որ դիտարկման պահին գետի հունը ցամաքած էր, կամ շատ քիչ ջուր էր հոսում:
- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման եւ ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի եւ բնապահպանական ելքի կարգավորումը եւ վերահսկումը:
ecolur.org
29 մարտի 2018թ.