01/13/2025

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել եւ ամրապնդվել նաեւ տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։

Սերժ Սարգսյանը կարեւորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելու գործում եւ նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջեւ եւ հարաբերությունները զարգացնել նաեւ միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, նախագահի համոզմամբ, Հայաստանին եւ Իտալիային թույլ կտա կարեւոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել եւ բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, եւ այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված եւ հումանիտար ոլորտներում: Հայաստանի եւ Իտալիայի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության կարեւոր եւս մեկ օրինակ էլ, հանրապետության նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին եւ համագործակցությանը, որը նաեւ հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարեւոր ուղղություններից է:

Նախագահ Սարգսյանը եւ Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

president.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: