01/20/2025

Ցուցադրանքում դիմանկարն էր

Ցուցադրանքում դիմանկարն էր

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում մայրության եւ գեղեցկության տոնի նախօրեին՝ ապրիլի 6-ին, ցուցահանդես էր կազմակերպվել: Մասնաճյուղի տնօրեն Բորիկ Մինասյանը բացման խոսքում շնորհավորեց միջոցառման ներկա կանանց եւ աղջիկներին տոնի առթիվ, ներկայացրեց ցուցադրանքը, որ վերաբերում էր գեղանկարչության ժանրերից դիմանկարին: Բանախոսը, նախեւառաջ, տեղեկություններ հաղորդեց դիմանկարի ժանրի մասին՝ մասնավորապես նշելով, որ գեղանկարիչները դիմանկարի ժանրին անդրադարձել են բարձր Վերածննդի ժամանակաշրջանում Իտալիայում՝ երեք խոշոր գեղանկարիչներ՝ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել Սանտի: Նախապես նկարել են քրիստոնեական թեմաներով, հետո դիմանկարի նյութ դարձավ մարդու գեղեցկությունը, նրա պլաստիկան, հուզական աշխարհը: Մեզանում դիմանկարի ժանրը զարգացավ 1830-ական թվականներից սկսած՝ Հովնաթանյանների կողմից, մասնավորապես, Հակոբ Հովնաթանյանը զարգացրեց դիմանկարի ժանրը, որ սկզբնավորվել էր դեռեւս իր պապի՝ Հովնաթան Հովնաթանյանի կողմից: Խորհրդային ժամանակաշրջանում այդ արվեստն ունեցավ դիմանկարի վարպետների մի համաստեղություն: Վերարտադրելով մարդուն՝ տվյալ անձնավորության առանձնահատկությունները, նկարիչը, միաժամանակ, պատկերվող դեմքի մեջ բացահայտում է նրա ներաշխարհը, անհատականությունը, ազգային ու հասարակական պատկանելությունը:

Մասնաճյուղի երկու հարկաբաժինը հատկացված էր դիմանկարին, ներկայացված էին ՀՀ վաստակավոր նկարիչ, գծանկարի մեծ վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ, ժամանակին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Հովհաննես Զարդարյանի, Բորիս Հակոբյանի, Վահրամ Խաչիկյանի, Պետրոս Մալայանի, Գոհար Իսայանի, Հարություն Սամուելյանի, Վաղարշակ Արամյանի, այլ գեղանկարիչների ստեղծած դիմանակարները: «Բազմազանության» համար ցուցադրանքում տեղ էին գտել նաեւ որոշ կոմպոզիցիոն աշխատանքներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: