01/20/2025

«Հայրենասիրության» աճուրդ Դավիթ Լոքյանի դերակատարմամբ

«Հայրենասիրության» աճուրդ Դավիթ Լոքյանի դերակատարմամբ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի սյունիքյան առնչությունները վերջին օրերին քննարկման առարկա են դարձել մարզում:

Դա սկիզբ առավ այն բանից հետո, երբ նախարարը գիտակցաբար հիմք ընդունեց Վահե Հակոբյանի հորինած թվերը եւ համայնքների սեփական եկամուտների հավաքման տեսակետից Սյունիքը հռչակեց հանրապետության լավագույն չորս մարզերից մեկը:

Ստի այդ հրավառությունն առիթ դարձավ, որ մարդիկ հիշեն տարօրինակ մի քանի իրողություն՝ կապված տարածքային կառավարման ու զարգացման նախարարի վերջին մեկուկես տարվա սյունիքյան գործունեության հետ:

Ահավասիկ. Սյունիքից Դավիթ Լոքյանին հղած բազմաթիվ դիմումներ օրենքով սահմանված կարգով ընթացք չեն ստացել:

Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված դիմում-նամակները նույնպես, որ վերահասցեագրվել են տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, պատշաճ ընթացք չեն ստացել:

Դավիթ Լոքյանի մասին մայրաքաղաքային անհայտ մի կայքում օրեր առաջ պատվիրված մի նախադասություն գրվեց. ժամեր հետո արձագանքեց, որովհետեւ իր անձին էր վերաբերվում: Բայց իր պաշտոնավարման ընթացքում Սյունիքը վերածվեց եռացող կաթսայի, գրեթե ամեն շաբաթ մամուլը լրջագույն հարցեր բարձրացրեց մարզի վերաբերյալ, մինչդեռ ինքը երբեւէ չհամարձակվեց մեկ բառով անգամ արձագանքել այդ արտառոցություններին եւ խեղկատակություններին: 

Ինչո՞ւ: 

Հարցին մի քանի օր առաջ պատասխանել ենք՝ Դավիթ Լոքյանը կապանյան «Վայբլ» ընկերության չորս բաժնետերերից մեկն է:

Ընկերության հիմնադիրն ու սեփականատերն Արտուր Աթայանն էր, բայց կուսակից ընկերները նրանից խլեցին այդ ձեռնարկությունը:

«Վայբլը», ինչպես նշել ենք, բացառապես զբաղված է կրի արտադրությամբ, իսկ կիրը հանքարդյունաբերության մեջ (հարստացուցիչ ֆաբրիկայում) պարտադիր օգտագործվող բաղադրիչներից է: Ասել է թե՝ «Վայբլը» կարող է գործել միայն այն դեպքում, երբ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը գնի նրա արտադրանքը (Կապանի եւ Ագարակի լեռնահանքային կոմբինատների պահանջարկն այդ առումով անհամեմատ քիչ է): Եթե Քաջարանը ձեռնպահ մնա եւ կիրը գնի հարեւան Պարսկաստանից, ապա «Վայբլը» կանգ կառնի, իսկ բաժնետերերը շահութաբաժին չեն ունենա:

Մի քանի անգամ կոմբինատի ղեկավարները դեղին քարտ են ցույց տվել «Վայբլի» բաժնետերերին՝ ինչ-ինչ սխալ բառեր կամ նախադասություններ պատահաբար արտաբերելու համար, եւ կիրը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Ահա, թե ինչու «Վայբլի» բաժնետերերը նորահարսին բնորոշ հնազանդություն են ցուցաբերում Վահե Հակոբյանին:

Եվ խոսքն այս դեպքում ամենեւին էլ փոքր գումարի մասին չէ: Մեկ բաժնետիրոջ ամսական շահաբաժինը (ըստ մեր ունեցած տեղեկությունների) 5-6 մլն դրամ է:

Հիմա եկեք Դավիթ Լոքյանի դրության մեջ մտնենք՝ կշեռքի մի նժարին Սյունիքն է՝ իր հոգսերով, պրոբլեմներով, փորձանք մարզպետով, մյուս նժարին՝ ամսական 5-6 մլն դրամ շահաբաժինը:

Ի՞նչ անի ազնվագույն մարդու ծիրանիով ու հավերժական նախարարը. պետական շահը մի կերպ կդիմանա կամ էլ թող չդիմանա: Բայց ինքը, ինքն ինչպե՞ս հրաժարվի իր շահաբաժնից եւ դեմ գնա մարզպետի ապօրինություններին: Այնպես որ՝ Սյունիքի հերն էլ անիծած, կարեւորը կրի գործն է…

Դրանով, սակայն, Սյունիքում իրականացվող տարածքային քաղաքականությունը չի ավարտվում: Պետք է ցույց տալ նաեւ, որ Վահե Հակոբյանն ու Դավիթ Լոքյանն այդ ամենն անում են հայրենասիրությունից դրդված եւ հանուն Հայաստանի Հանրապետության:

Ահա այդ սկզբունքով էլ մեկուկես տարի շարունակ հանրապետության տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայոց անկախ պետության անունից «վերահսկում» եւ «համակարգում» է Սյունիքի մարզպետի գործունեությունը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: