05/28/2022

Պատմության խորքերը հետազոտող գիտնականի ուսումնասիրությունների ընտրանին

Պատմության խորքերը հետազոտող գիտնականի ուսումնասիրությունների ընտրանին

Վաստակաշատ պատմաբան, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի, Վազգենյան եւ Գեւորգյան ճեմարանների,  Բեյրութի Համազգային բարձրագույն դասընթացների անփոխարինելի բարձրակարգ դասախոս, հազարավոր սաներ կրթած ու ազգային հոգեւոր-բարոյական բարձր չափանիշներով դաստիարակած երանելի ուսուցչապետ Պետրոս Հովհաննիսյանը (1944-2016 թթ.) բարձր եւ մնայուն անուն է նաեւ գիտության անդաստանում։ Նրա գիտական ժառանգության ընտրանին լույս է տեսել վերջերս, «Հայագիտակ» հրատարակչության կողմից՝ «Պատմագիտական ուսումնասիրություններ» վերնագրով։

Գրքի առաջաբանում («Գիտության եւ կրթության մեծ նվիրյալը») ճանաչված գրահրատարակիչ Ա.Իսոյանը բացառիկ նրբագծերով է ներկայացնում Պ.Հովհաննիսյանի գրքասիրությունն ու գրքապաշտությունը՝ իրավացիորեն նշելով, որ գիտնականն իր տունը վերածել էր գրքի անառիկ ամրոցի։

Գրախոսվող սույն ժողովածուն աներկբա վկայում է, որ Պ.Հովհաննիսյանի գիտական նախասիրությունների  եւ հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է, տարողունակ եւ բազմաբովանդակալից։

Նախ սկզբից եւեթ ընդգծենք, որ Պ. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների առանցքում մեծն Մովսես Խորենացին է՝ հայ դասական պատմագրության հիմնադիրը, չափանիշն ու ուղենիշը։

Առհասարակ, հայ պատմիչների կյանքի, գործի եւ գործունեության վերաբերյալ նրա վերաբերմունքը հասնում է գրեթե մի սրբազան երկյուղածության։ Նա հրաշալի  պատկերացնում, գնահատում եւ իմաստավորում է միջնադարի հայ պատմիչների թողած գրական ժառանգության արժեքը հայության մտավոր եւ հոգեւոր մշակույթի վերելքի եւ առաջադիմության գործում։ Ահա թե ինչու Պ. Հովհաննիսյան հայ գիտնականը իր կյանքի մի զգալի մասը նվիրել է հայ պատմիչների եւ պատմագիտական մտքի խորքային ուսումնասիրությանը։ Նրա գրչի ներքո նորովի են բացահայտվել միջնադարյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմագիտական մտքի երեւելի դեմքերը՝ Կորյուն Վարդապետը, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշե Վարդապետը, Ղազար Փարպեցին, Սեբեոսը, Հովհան Մամիկոնյանը, Ղեւոնդ Վարդապետը, Հովհաննես Դրասխանակերտցին, Անանուն պատմիչը, Թովմա Արծրունին, Արիստակես Վարդապետ Լաստիվերտցին, Դավիթ Ալավկաորդին։

Իհարկե, սույն պատմիչների շարքում նա առանձնակի ուշադրություն է հատկացրել պատմահայր Մովսես Խորենացուն, որի ցայտուն վկայությունն են նաեւ սույն ժողովածուի մեջ զետեղված գործերը (Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար առաջին թարգմանությունը, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ֆրանսերեն թարգմանությունները, Հենրիկոս Բրենները եւ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» լատիներեն համառոտագրված առաջին թարգմանությունը, Մովսես Խորենացին օտար թարգմանություններով)։ Միանգամայն տեղին եւ իրավացի է նրա խորքային այն դիտարկումը, ըստ որի հայ հին հեղինակներից եւ ոչ մեկի երկասիրությունն այնքան խոր  ազդեցություն չի թողել հայ պատմագիտական ու հասարակագիտական մտքի վրա, որքան Խորենացու «Հայոց պատմությունը», որով կրթվել ու դաստիարակվել են բազում սերունդներ։

Հայ պատմիչներին նվիրված նրա գործերն աչքի են ընկնում սկզբնաղբյուրային վավերագրերի խոր իմացությամբ, պատճառահետեւանքային կապերի խոր ընկալումով,  պատմահամեմատական մեթոդների ու բնութագրերի  հստակ կիրառումով։

Պետրոս Հովհաննիսյանն իր գիտական հետաքրքրությունների ,թիրախե ընտրեց ոչ միայն միջնադարյան շրջանի հայ պատմիչներին, այլեւ նրա գիտական պրպտումների հոլովույթում հայտնվեցին նոր եւ նորագույն շրջանի  հայ պատմաբանները (Ղեւոնդ Ալիշան, Աստվածատուր Խաչատրյան (Խաչ), Ավետիս Պերպերյան, Հակոբ Մանանդյան, Հովհաննես Հակոբյան (Վարդ Շահենի), Գառնիկ Գյոզալյան, Ռուբեն Աբրահամյան, Գրիգոր Միքայելյան, Հայկազ Ժամկոչյան, Աշոտ Աբրահամյան, Հրանտ Արմեն, Հակոբ Զորյան, Աշոտ Հովհաննիսյան)։ Սույն պատմաբանների կյանքի եւ գործի ուսումնասիրությանն է նվիրված ժողովածուի երրորդ բաժինը։ Փաստառատ դիտարկումներով ու անաչառ կեցվածքով նա կերտել է մեզանում հայտնի եւ քիչ հայտնի այս պատմաբանների գիտական անեղծ դիմանկարը։ 

Չորրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է 20-րդ դարի հայ ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցին։ Վերջինիս բնութագրում է որպես վիթխարի անհատականության եւ հայ բյուզանդագիտության հիմնադիրի։ Մի շարք հոդվածներ («Տիգրան Մեծի գործունեության լուսաբանումը Նիկողայոս Ադոնցի աշխատություններում», «Մովսես Խորենացի եւ Նիկողայոս Ադոնց», «Մարզպան Վասակ Սյունեցու գործունեության վերագնահատման Նիկողայոս Ադոնցի տեսությունը», «Նիկողայոս Ադոնցի «Հայոց քննական պատմության» ճակատագիրը», «Նիկողայոս Ադոնցի կրոնագիտական ժառանգությունը», «Նիկողայոս Ադոնցի նամականին», «Նիկողայոս Ադոնցի կենսապատումների արդիականությունը» եւ այլն) հիմնավոր խորությամբ ներկայացնում են նշանավոր հայագետի ստեղծագործական ճանապարհի կարեւորագույն փուլերն ու հանգրվանները։ Մեզանում ոչ ոք այդպես չի խորացել Ադոնցի ստեղծագործական, գիտական ժառանգության գաղտնիքների մեջ, ինչպես դա կարողացել է անել Պ. Հովհաննիսյանը։ Ժողովածուի հինգերորդ բաժինը ներկայացնում են Հայ Առաքելական եկեղեցուն եւ նրա վաստակառու գործիչներին նվիրված ուսումնասիրությունները (Փիլիպոս Ա.Աղբակեցի, Վահրամ եպիսկոպոս Մանկունի, Կարապետ Տեր-Մկրտչյան, Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գեւորգ Կոստանդնուպոլսեցի, Սուքիաս արք. Պարզյանց, Տ.Սահակ վրդ. Ամատունի, Վահան Ծ վրդ. Բաստամյանց, Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Մակար Ա Թեղուտցի Տեր-Պետրոսյան, Տ. Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյան)։

Հատընտիրի վեցերորդ բաժնում «Մատենագիտություն» խորագրի ներքո ներկայացված են գիտնականի մատենագիտական գործերը՝ նվիրված Մ.Խորենացուն, հայկական հարցին եւ հայոց ցեղասպանության ապտմությանը, Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը եւ այլն։ Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, պետք է հատուկ դրվատանքով ու արժեւորումով արձանագրենք, որ Պետրոս Հովհաննիսյան գիտնականի եւ ուսուցչապետի լավագույն գործերը վերաբերվում են հայ ազգային-ազատագրական շարժման ուսումնասիրմանը, կարևորմանն ու իմաստավորմանը։ Հայ պատմագիտության էջերում բազմիցս գրվել է հայ ազատագրական շարժման մասին եւ այդ ծավալուն գրականության մեջ Պ.Հովհաննիսյանը կարողացել է ասել իր թարմ խոսքն ու հաստատել իր ասելիքը։ Անհագ հետաքրքրությամբ է կարդացվում «Հայ ազատագրական շարժումները XV դար-XVII դարի վերջ» ստվարածավալ ուսումնասիրությունը, որում նա նորովի հայացք է նետում հայ ազատագրական շարժման նախաքայլերին եւ նախադրյալներին, համոզիչ հիմնավորումներով ներկայացնում հայ ազատագրական շարժման շուրջ դարերով ձեւավորված լեգենդը։ 

Այս ամենին որպես ամփոփում հավելենք, որ ընթերցողի գրասեղանին դրված տաղանդաշատ, բազմաշնորհ պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի տասնամյակներ շարունակ կատարած պրպտուն ուսումնասիրությունների ընտրանին աչքի է ընկնում գիտական բարձր մակարդակով, պատմական երեւույթները  վերլուծելու, պարզաբանելու եւ իմաստավորելու տեսական, լայն ընդգրկուն պատրաստվածությամբ։ 

Ժողովածուում ընդգրկված նյութերը, հոդվածները, ակնարկներն ու ուսումնասիրությունները պերճախոս կերպով վկայում են նրա հեղինակի՝ բազմադարյան հայոց պատմության տարբեր փուլերի, պատմաշրջանների եւ բազմապիսի երևույթների խորքային ու բացառիկ  իմացության մասին։

Սույն հատընտիրը, իրոք, մի յուրահատուկ հուշարձան է կյանքին, ցավոք, արդեն հրաժեշտ տված հայրենասեր ու հայրենանվեր մարդու, տքնաջան գիտնականի եւ անկրկնելի ուսուցչի հիշատակին։

ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու, 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: