01/13/2025

Ժամանակը կյանք է փրկում

Ժամանակը կյանք է փրկում

Ապրիլի 14-ին Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը, որը երբեք հյուրերի պակաս չի ունենում, այս անգամ հյուրընկալել էր Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոթին, ով առաջին անգամ է լինում թե՛ Գորիսում, թե՛ այս կենտրոնում: Այցի կապակցությամբ  «Ակցիա Ֆրանսիա-Հայաստան» բժշկական ասոցիացիայի նախագահ Ավետիս Մատիկյանի ներկայությամբ կազմակերպվեց ընդունելություն՝ կենտրոնի «Աշոտ Ալեքսանդրյան» սրահում: 

Հանդիպմանը ներկա էին ֆրանսիացի սենատոր Օլիվյե Կադիկը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, «Ֆրանսիա-Հայաստան առողջապահական շարժում» ասոցիացիայի անդամ Միշել Սենոն, ֆրանս-հայկական համալսարանի ռեկտոր Ժան-Մարք Լավեսթը եւ պաշտոնատար այլ անձինք: 

Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը բացվել է 2013 թ.:  Այն «Ֆրանսիա-Հայաստան  առողջապահական շարժում» ասոցիացիայի առաջնորդող ծրագիրն է: Կենտրոնը միակն է տարածաշրջանում եւ ապահովում է Սյունիքի եւ Վայոց ձոր մարզերի բնակիչների բուժօգնությունը: Կենտրոնն իրականացնում է սրտաբանական հետազոտություններ, կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում:

Հանդիպմանը ներկա էին նաեւ հիվանդներ, ովքեր այստեղ ստացել են բուժօգնություն, որի շնորհիվ բարձրացել է նրանց կյանքի որակը: Այստեղ է նաեւ սիսիանցի Աշոտ Մինասյանը, ով ազատամարտիկ է, արցախյան պատերազմի մասնակից ու հրամանատար: Դեսպանը   ծանոթանալով նրա  հետ, ոչ միայն լսեց զրուցակցի կյանքի պատմությունը, որը ներկայացրեց Ավետիս Մատիկյանը, այլեւ խորհուրդ տվեց՝ չծխել, թողնել ծխելը: Կփորձեմ՝ եղավ Աշոտ Մինասյանի պատասխանը: Այնուհետեւ դեսպանն ասաց՝ ցանկանում եմ, որ նա ու նաեւ մյուս հիվանդներն այսուհետեւ այստեղ չգան որպես հիվանդ:

Դեսպանը եւ հյուրերը շրջեցին կենտրոնի բաժիններում, ծանոթացան բուժանձնակազմի հետ: Նրան ներկայացվեցին այստեղ կատարվող բուժծառայություններ ու նաեւ, թե դրանք ինչպես են կատարվում: Դեսպանը հաճելիորեն զարմացած էր կենտրոնի բուժզինման մակարդակով: Իսկ դրանք ժամանակակից են եւ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: 

Վիրաբուժական բաժին մտնելուց՝ ներկաները հագան խալաթներ: Առանց դրա ոչ մեկն իրավունք չունի այդտեղ մտնելու եւ շփվելու հիվանդների  հետ: Իսկ հիվանդներն այդ պահին Վայքից էին, Կապանից, Սիսիանից, Տեղ համայնքից: Հիվանդներից վայքեցի Վարուժան Աթանյանը, ով բուժօգնություն է ստացել այստեղ, գոհ է  բուժսպասարկման որակից: Նա շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի բարեկամներին, ովքեր իրենց հնարավորություն են տվել Գորիսում բուժվելու: Հետո, ինչպես ասում են, Վարուժանն «առիթավորվում»  է  եւ ասում՝ այսքան լավի մոտ ափսոս վատն էլ կա, իսկ վատը ճանապարհն է, մայրուղուց դեպի կենտրոն տանող 1.1 կմ, որ ճանապարհը խիստ անբարեկարգ է: 

Ավետիս Մատիկյանը խոստացավ հարցը բարձրացնել Ֆրանսիայի  համապատասխան   ատյաններում: Սակայն պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը չկա. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոստացավ հարցը դրականորեն լուծել: Ինչպես ասում են՝ տպավորություններն անջնջելի են: Եվ դեսպանն ասում է՝ այս կենտրոնը մեր կառավարության ամենամեծ իրագործումներից մեկն է առողջապահության ոլորտում եւ հատկապես արդի վիրահատության բնագավառում ու այն էլ այսպիսի մի հեռավոր  շրջանում, որի կարիքը շատ կա: Ես այստեղ  տեսա մի կենտրոն, որտեղ ամեն ինչ կատարյալ է, ուր կան ժամանակակից սարքավորումներ եւ դինամիկ աշխատողներ: Եվ ուրախ եմ նաեւ, որ այստեղ ծածանվում է Ֆրանսիայի պետական դրոշը: 

Եվ քանի որ խոսվեց աշխատողների մասին, Ա.Մատիկյանը ներկայացնում է նրանց եւ ասում՝ այս մարդիկ ժամանակի արժեքը լավ են գիտակցում, նրանք գիտեն, որ մեկ վայրկյանն անգամ կարող է ճակատագրական լինել հիվանդի համար եւ անում են հնարավորն ու անհնարինը մարդկանց համար: Ժամանակը կյանք է փրկում. սա է կենտրոնի աշխատողների  նշանաբանը: 

Որպես լավ աշխատանքի արժանի գնահատական, կենտրոնը պարգեւատրվում է Ֆրանսիայի սենատի մեդալով:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: