01/20/2025

Մարզպետի գիշերակացի վայրում՝ պրոֆիլակտորիայում եւ մարզպետարանում՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ

Մարզպետի գիշերակացի վայրում՝ պրոֆիլակտորիայում եւ մարզպետարանում՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ

Ըստ Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրների՝ վերջին օրերին լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում Վահե Հակոբյանի, Քաջարանի կոմբինատի դեկորատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի եւ ծպտյալ Զարուհի Տոնապետյանի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մասնավորապես, Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում, որ վերջին երեք-չորս տարում դարձել է Սյունիք ներխուժած գաղութարարների գիշերակացի վայր, ուժեղացվել է հսկողությունը հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին: Պրոֆիլակտորիայի ամբողջ շրջակայքում եւ մատույցներում հավելյալ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել:

Մարզպետարանի ներսում նույնպես ուժեղացվել է հսկողությունը: Մասնավորապես՝ մարզպետի աշխատասենյակ մտնող ոչ յուրայիններից պահանջվում է ընդունարանում թողնել ձեռքի իրերը եւ հետո միայն ներս մտնել Վահե Հակոբյանի աշխատասենյակ:

Նախկինում նա, սեփական փորձը նկատի ունենալով, վախենում էր միայն իրեն գաղտնաբար լսելուց եւ ձայնագրելուց, իսկ հիմա, ըստ երեւույթին, մտահոգված է սեփական անձի ֆիզիկական անվտանգության համար:

Մեզ չհաջողվեց ճշտել շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ Սյունիքում ձեւավորվել է երիտասարդների մի խումբ՝ Վահե Հակոբյանի ուղղաթիռային հերթական վայրէջքը Կապանում խափանելու նպատակով:

Այդուհանդերձ կոչ ենք անում արժանապատիվ սյունեցիներին՝ ձեռնպահ մնալ Սյունիքի մարզպետի հանդեպ որեւէ ոտնձգությունից: Ընդհակառակը, մենք միասին պետք է ապահովենք նրա անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, որպեսզի նա (իր սպասավորների հետ միասին) պատասխան տա կատարած վնասարարության համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչն էլ սյունեցիներն ակնկալում են Հայաստանի Հանրապետության նոր վարչապետից:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: