01/21/2025

«Քաղաքամայր Երեւանը՝ երեկ, այսօր»

«Քաղաքամայր Երեւանը՝ երեկ, այսօր»

«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում (անցկացվում է ապրիլի 16-ից 23-ը) Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը հանդես եկավ «Քաղաքամայր Երեւանը՝ երեկ եւ այսօր» միջոցառմամբ: Ըստ ամենայնի դա կլոր սեղան էր, քննարկում՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

Մարզային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանն անդրադարձավ Երեւանի պատմությանը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, իր խոսքում հղումներ արեց այն գրողներին, որոնց ստեղծագործություններում արտացոլված են Երեւանն ու երեւանցին:

Հիշատակվեց այն փաստը, որ 1920-ականների սկզբին Ալեքսանդր Մյասնիկյանի կոչով Երեւան եկան Ալեքսանդր Թումանյանը, Ալեքսանդր Սպենդիարովը, Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, այլ նշանավոր գործիչներ՝ վերածնելու իրենց ավերակված հայրենքը:

Այնուհետեւ միջոցառման մասնակից կապանաբնակ երեւանցիները եւ նրանք, ովքեր իրենց ուսանողությունը մայրաքաղաքում են անցկացրել, հիշեցին 1970-1980- ականների Երեւանը, երբ քաղաքն ուներ իր հստակ ճարտարապետական դեմքը, ուրույն կոլորիտը, Երեւանի փողոցներում շրջում էին ժողովրդին սիրելի եւ պաշտելի գրողներ ու արվեստագետներ, որոնց սիրով շրջապատում էր ժողովուրդը: Իսկ այժմ մի հրեշավոր ձեռք է բարձրացրել քաղաքի վրա, որի քարտեզի վրայից ավերվում-անետանում են պատմամշակութային արժեք ունեցող շենքներ ու շինություններ, կանաչ պուրակներ ու գոտիները վերածվում են առեւտրի օբյեկտների: Վարդագույն քաղաքի համարում ունեցող մայրաքաղաքից միայն հուշ է մնացել:

Այնուամենայնիվ, քննարկման մասնակիցները մի եզրակացման հանգեցին. Երեւանը մի ձգողական ուժ ունի, որ միավորում է բոլոր հայերին:

Միջոցառման ժամանակ հնչեցին Երեւանին ձոնված երգեր, մեծադիր էկրանին ցուցադրվեցին լուսանկարներ՝ նաեւ նախախորհրդային Երեւանը պատկերող լուսանկարներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: