01/21/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ վերջին օրերերի իրադարձությունների առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: 

Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո եւ ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել եւս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են ե՛ւ ցուցարարների, ե՛ւ իրավապահների շարքերում: Անընդունելի եւ անթույլատրելի են ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ որեւէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք եւ ներողամտություն: Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն եւ միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսեւորման:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11): 

ter-hambardzum.net

Ապրիլի 19, 2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: