01/21/2025

Սիսիանցի գյուղացիները շնորհակալություն են հայտնում «Սյունյաց երկրին»՝ պարարտանյութի հարցում մարզպետական ամոթալի խաղը բացահայտելու համար

Սիսիանցի գյուղացիները շնորհակալություն են հայտնում «Սյունյաց երկրին»՝ պարարտանյութի հարցում մարզպետական ամոթալի խաղը բացահայտելու համար

Օրեր առաջ «Սյունյաց երկիր» թերթն ու syuniacyerkir.am կայքը Սիսիանի տարածաշրջանից ահազանգ էին ստացել այն մասին, որ ազոտական պարարտանյութ մատակարարելու համար գյուղացիներից ու ֆերմերներից գումար է հավաքվել (ավելի քան 100 մլն դրամ), իսկ պարարտանյութը չեն ստացել: Մեր հրապարակումից (9 ապրիլի 2018թ.) երեք-չորս օր հետո Սյունիքի մարզպետարանն ափալ-թափալ սելիտրա է բաժանել գյուղացիներին ու ֆերմերներին, ովքեր ամիսներ առաջ էին դրա համար վճարում կատարել:

Գյուղացիներն ու ֆերմերներն այդ առիթով անկեղծ շնորհակալություն են հայտնում «Սյունյաց երկրին»՝ պարարտանյութի հարցում մարզպետական մանիպուլյացիան բացահայտելու համար:

Անշուշտ, որեւէ մեկին հետաքրքիր չէ, թե մեր հրապարկումից հետո որտեղից է ձեռք բերվել պարարտանյութ՝ Քաջարանի կոմբինատի՞ց, Պարսկաստանի՞ց, Վրաստանի՞ց: Կարեւորն այն է, որ պարարտանյութը ստացվել է, ինչը, գոնե բարձրադիր գոտում, ամենեւին էլ ուշացած չէ:

Այդ ամենով հանդերձ թեմային առնչվող մի քանի հարց շարունակում է մնալ անպատասխան:

Ո՞ր կազմակերպությունն էր, ի վերջո, շահել պարարտանյութ ներկրելու մրցույթում, եթե, իհարկե, նման մրցույթ տեղի է ունեցել: Ասել է թե՝ ո՞վ է այն անձնավորությունը կամ կազմակերպությունը, որ փողերը հավաքել է, բայց պարարտանյութը չի առաքել ժամանակին:

Ինչո՞ւ է ուշացել պարարտանյութի առաքումը: 

Ո՞ւմ մոտ էր պարարտանյութի գումարը, եւ ինչո՞ւ չէին կարողանում հետ վերցնել այն, երբ սելիտրայի մատակարարումն ուշանում էր խոստացած ժամանակից:

Իսկապե՞ս մարզ էր ներկրվել 1400 տոննա պարարտանյութ, եւ արդյո՞ք դրանից հազար տոննան մարզպետի նախաձեռնությամբ հանվել էր մարզից դուրս:

Մարզի հարավային գոտում վաղուց անցել է սնուցման ժամկետը, ո՞վ է պատասխան տալու բերքի հնարավոր կորստի համար:

Բոլոր այդ հարցերի պատասխանն ակնկալում ենք Սյունիքի մարզպետից:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: