01/14/2025

Դավիթ Հակոբյան. «Մարզպետի թիկնապահը, մարզպետի ու Կապանի համայնքապետի ներկայությամբ, ապտակել է մի երեխայի»

Դավիթ Հակոբյան. «Մարզպետի թիկնապահը, մարզպետի ու Կապանի համայնքապետի ներկայությամբ, ապտակել է մի երեխայի»

Ապրիլի 22-ին Կապանում  շարունակվել է նախօրեին սկիզբ առած  ցույցը, որին մասնակցել է մոտ 400 ցուցարար, հիմնականում` պատանիներ եւ աղջիկներ:  Ցուցարարները վանկարկումներով եւ իրենց միանալու կոչերով քայլել են Շահումյան ու Սպանդարյան փողոցներով: Դրանից հետո  հավաքվել են քաղաքապետարանի պուրակում: Այնուհետեւ   շարժվել են դեպի  Սյունիքի մարզպետարան: Թումանյան փողոցում ցուցարարներին  հանդիպել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` թիկնապահների եւ Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ: Նա հորդորել է ցուցարարներին` հետ կանգնել ցույց անելուց, վկայակոչելով այն, որ երկիրը պատերազմի մեջ է, սյունեցին նման բաներին չպիտի խառնվի:  Մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր  աշխատասենյակում ընդունել ցուցարարների խմբին եւ քննարկել նրանց հուզող հարցերը, բայց ցուցարարները մերժել են  նրան: Ինչ-որ պահի մթնոլորտը լարվել է, մարզպետի եւ ցույցին մասնակցող երեխաներից մեկի միջեւ   խոսքակռիվ է բռնկվել ու մարզպետի թիկնապահն ապտակել է երեխային: Դրանից հետո մարզպետը` թիկնազորի ու Կապանի համայնքապետի հսկողությամբ  եւ ուղեկցությամբ, ցուցարարների սուլոցների ներքո, հեռացել է հանդիպման վայրից ու վերադարձել մարզպետարան: 

Այդ մասին   «Սյունյաց երկրին» տեղեկացրեց «Երկիր Ծիրանի» կուսակցության հարավային տարածքային կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը:

Նախօրեին Կապանում էր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նրա գլխավորությամբ քայլերթ էր եղել Քաջարանյան մայրուղով, ցուցարարները  փորձել էին փակել Մեղրի-Երեւան  միջպետական  մայրուղին, բայց ոստիկանները կանխել են նրանց մտադրությունը: 

Այնուհետեւ ցուցարարները հավաքվել են մարզպետարանի առջեւ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: