01/21/2025

Կապանի ցուցարարները պահանջում են մարզպետի հրաժարականը

Կապանի ցուցարարները պահանջում են մարզպետի հրաժարականը

Ապրիլի 23-ին մարզկենտրոնում ցույցերը սկսեցին, ինչպես ասվել է ավելի վաղ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հղած հստակ պահանջով՝ «Մո-ծակ, հե-ռա-ցիր»:

Բուռն իրադարձություններով լեցուն այդ օրն ավարտվեց ցուցարարների նույն պահանջով՝ «Մարզ-պետ, հե-ռա-ցիր»: Մարզպետարանի մուտքի մոտ հավաքված ցուցարարները մի պահ ավելի խստացրին պահանջը եւ հնչող կարգախոսը փոխեցին հայհոյախոսության՝ «Մարզ-պետ, …- տիր»: 

Դա ժամը 17-ի սահմաններում էր:

Այդ պահին Վահեն թաքնված էր իր աշխատասենյակում՝ թիկնապահների ուժեղացված հսկողության ներքո: Ուժեղացվել էր նաեւ մարզպետարանի հսկողությունը:

Գաղութարարները սպասում էին՝ ուր որ է ցուցարարները կխուժեն մարզպետարան եւ վրեժ կլուծեն ապրիլի 22-ին մարզպետի ու նրա թիկնապահների կողմից կատարված խուլիգանական արարքի համար:

Լարված այդ իրավիճակում մարզպետի թիկնազորն այլեւս չէր կարող հարձակվել ցուցարարների վրա, ինչպես կատարվել էր մեկ օր առաջ:

Ի դեպ, նոր մանրամասներ են ի հայտ գալիս կիրակի օրը՝ ապրիլի 22-ին, Կապանի Թումանյան փողոցում ցուցարարների եւ մարզպետի ու նրա թիկնապահների բախման մասին, որ տեղի է ունեցել Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի ներկայությամբ:

Փաստորեն մարզպետ Վահե Հակոբյանը եւ նրա թիկնապահները խուլիգանական արարք են կատարել՝ հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող:

Զարմանալին, սակայն, դա չէ, քանի որ Վահեից ուրիշ բան չէր էլ կարելի սպասել:

Արտառոցն այն է, որ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, մարզի ոչ բարով ոստիկանապետ Արշավիր Գեւորգյանը մինչեւ հիմա չեն արձագանքել Վահե Հակոբյանի եւ նրա թիկնազորի խուլիգանական արարքին:

Ապրիլի 23-ին ոչ պակաս տարօրինակություն է թույլ տվել Կապանի N2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը: Ավագ դպրոցը սեփական բոստանի հետ վաղուց շփոթած այդ տիկինը սպառնալիքների տարափ է ուղղել դպրոցի այն աշակերտներին, ովքեր ազնիվ մղումով նույն օրն առավոտյան դուրս էին եկել փողոց եւ հռչակել վաղուց սպասված եւ պատմական կարգախոս՝ «Մո-ծակ, հե-ռա-ցիր»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: