01/21/2025

Սեյրան Օհանյանի խոսքը

Սեյրան Օհանյանի խոսքը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին

ՀՀԿ պատգամավորներին

Հարգելի՛ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը:

Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ, անկախ պետության հաղթանակած ժողովրդի համար:

Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ կուսակցական պատկանելությունից, հասկանում է ժողովրդի ըմբոստացման իրական հիմքերը և ծնող պատճառները: Եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, կեղծ տեղեկատվությամբ փորձել շեղել կամ սրել իրավիճակը՝ խառնելով աշխարհաքաղաքական կենտրոններին և ճիշտ ուղղությամբ չտանել ժողովրդի այս հսկայական ներուժը, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ:

Ընդունե՛ք սա որպես ընկերոջ՝ երկրի ռազմաքաղաքական իրավիճակին քաջ տիրապետող գործչի պատճառաբանված կոչ:

Ուզում եմ Մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային տոնին ընդառաջ, փողոց դուրս գանք խաղաղ և հաղթանակած, իսկ 2018 թ.-ի մայիսի 1-ը դառնա իսկապես մեր ժողովրդի համար զարթոնքի, միասնության, գալիք հաղթանակների կերտման սկիզբ:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ և ճիշտ տակտիկական լուծումներ գտնել:

Եթե իսկապես իշխող կուսակցությունը կրում է Նժդեհի գաղափարախոսությունը, ապա ուզում եմ մեջբերել նրա խոսքը.

«Հասկանա՛նք, վերջապես, քանի ուշ չէ, հասկանա՛նք, որ հայը պատճառ չունի՛ կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թվական տկարությունը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը և երեկվա մեր Եղեռնը բավ են՝ գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաև իրավո՛ւնք չունի»:

Մեր ժողովուրդը միասնական է կերտելու իր ապագան, և որևէ կուսակցական կրծքանշան չի կարող տարանջատել կամ թշնամացնել մեզ միմյանցից:

Ողջախոհությունը պիտի հաղթի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: