01/14/2025

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ապրիլի 30-ին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու եւ խորհրդարանում խմբակցությունների հետ հանդիպումներ ունենալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 30-ին շատ կարևոր աշխատանք ունի անելու Ազգային ժողովում, որտեղ պետք է հանդիպի խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ՝ կոչ անելով դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:  «Առավոտից ես շատ կարեւոր աշխատանք ունեմ անելու Ազգային ժողովում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում կարողանամ ձեզ տեղեկատվություն տալ այն մասին, որ ձեր թեկնածուի ընտրությունը երաշխավորված է: Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի  ունենում: Վաղը դադար ենք վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մենք կարողանանք հանգիստ աշխատել: Ես կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով կոնտակտի դուրս գալը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մենք մեր օրակարգն ամբողջական քննարկենք եւ իրականություն դարձնենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ ժամը 17:00-ին ինքը կլինի Երևանի Գարեգին Նժդեհի  հրապարակում, որտեղից քայլերթով կգնան Հանրապետության հրապարակ: «Հանրապետության հրապարակում ես ձեզ կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին,  եւ մենք միասին կորոշենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից: Ամեն դեպքում, մյուս օրը առավոտվանից, ժամը 08:00-ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Իսկ մենք մայիսի 1-ին որտեղ կանցկացնենք օրը, ինչպես կանցկացնենք, կախված է այդ օրը երկրում տիրող քաղաքական իրավիճակից»,- նշեց Փաշինյանը:

Նա հավաքվածներին մանրամասներ փոխանցեց ապրիլի 29-ի առավոտյան ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ հանդիպումից: Փաշինյանը հայտնեց, որ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, եւ իրենք բաժանվել են որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ այս ամենը հայ-ռուսական բարեկամությանը ոչ մի բանով չի սպառնում, այլ առաջիկայում այդ հարաբերություններն ավելի են զարգանալու: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: