01/14/2025

Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զինանձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը

Վիգեն Սարգսյանը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զինանձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորավարժության նպատակն էր փորձարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները, կատարելագործել անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները՝ առաջադրված ուսումնամարտական խնդիրները ժամանակին և գերազանց կատարելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, նպաստելով հայկական զինուժի առավել արդիանացմանը:

4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խիստ ուշադրություն կենտրոնում պահելով զինաձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը եւ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է  անցկացրել նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների եւ զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: