01/15/2025

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկումներ կլինեն. Փաշինյան

ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկումներ կլինեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, որպես վարչապետի թեկնածու առաջադրված  Նիկոլ Փաշինյանը վարչապետի ընտրությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն է համարում: Խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված դեռ քննարկումներ կլինեն:

«Բայց մինչ արտահերթ ընտրություններ, մենք պետք է համոզված լինենք, որ ստեղծել ենք բոլոր նախապայմանները՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Մեզ պետք են ընտրություններ, որոնց արդյունքները որեւէ մեկի մոտ կասկած չեն առաջացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության անդամների հետ հանդիպման մասին նա նշեց, որ քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա հանգուցալուծման տարբերակները: Փաշինյանը հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը վստահեցրել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:

Հարցին, թե ինչի դիմաց է «Ծառուկյան» խմբակցությունը խոսք տվել պաշտպանել իր թեկնածությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ արձանագրել, որ մենք նման հարց չենք քննարկել եւ կարծում եմ, որ ճիշտ էլ չէր լինի, եթե մենք նման հարց քննարկեինք»,-  ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների հետ:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: