01/15/2025

Հարժիսը եւ Շինուհայրը համայնքապետ Մուրադ Սիմոնյանին մեղադրում են անբանության եւ ձրիակերության մեջ՝ պահանջելով նրա հրաժարականը

Հարժիսը եւ Շինուհայրը համայնքապետ Մուրադ Սիմոնյանին մեղադրում են անբանության եւ ձրիակերության մեջ՝ պահանջելով նրա հրաժարականը

Հանրապետությունում ահագնացած քաղաքացիական անհնազանդության փոթորիկը Սյունիքում ջրի երես է հանել լրջագույն մի խնդիր եւս, որ խոչընդոտում է ոչ միայն մեր երկրամասի, այլեւ հանրապետության բոլոր համայնքների զարգացմանը:

Խոսքը բռնի ուժով համայնքները միավորելու կամ խոշորացնելու մասին է, որից ամեն համայնքում գոհ է ընդամենը մի մարդ՝ համայնքի ղեկավարը:

Իրականում, ինչպես արդեն տեսնում ենք, համայնքների խոշորացումը լեռնային ու սահմանամերձ գյուղերը հնարավորինս արագ եւ անաղմուկ վերացնելու ստույգ նպատակ են հետապնդում:

Միայն Տաթեւ համայնքում վերջին երկու տարում տեղի ունեցող զարգացումները բավական են, որ համոզվենք վերը նշվածի ճշմարտացիության մեջ:

Մուրադի օրերում՝ երկու տարում, հասցրել ենք վերացնել Քաշունի (նախկինում՝ Մալդաշ) գյուղը: Ութ գյուղից մնաց յոթը…

Տաթեւ համայնքի ստեղծումից հետո, ըստ տարբեր գյուղերի բնակիչների վկայության, ենթաշրջանի վիճակը կտրուկ վատացել է բոլոր առումներով:

«Ռեֆորմի» անհեթեթությունը հիմնական պատճառ համարելով, Հարժիս եւ Շինուհայր գյուղերի բնակիչները համայնքում ստեղված վիճակը բացատրում են նաեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի ձրիակերությամբ եւ անբանությամբ:

Վահե Հակոբյանի ցեխոտ ոտքերի տակ պառկելու սյունիքյան մրցույթում Մուրադն առաջին տեղերից մեկն է գրավել, ինչը, սակայն, շատ թանկ է նստում գյուղերի վրա:

«Սյունյաց երկրին» դիմած շինուհայրցիները եւ հարժիսցիները պնդում են, որ համայնքի ղեկավարը գոյատեւում է՝ որեւէ կապ չունենալով համայնքի մեջ մտնող գյուղերի հետ:

Գյուղացիները պահանջում են, որ Մուրադը հրաժարականից առաջ հաշվետվություն տա բնակչությանը, թե խոշորացումից հետո ֆինանսական ի՞նչ միջոցներ է հատկացվել համայնքին եւ ի՞նչ նպատակով են օգտագործվել այդ միջոցները, ի՞նչ պատկեր ունի համայնքային բյուջեն, ովքե՞ր եւ ինչի՞ համար են համայնքապետարանից աշխատավարձ ստանում:

Գյուղացիները պնդում են, որ Մուրադը ռադ լինելուց առաջ հրապարակի իր կողմից ստորագրված բոլոր պայմանագրերը՝ համայնքի ունեցվածքին առնչվող:

Գյուղացիները պահանջում են համայնքի ավագանուց, օրենքով սահմանված կարգով, չեղյալ համարել Մուրադի պաշտոնավարման ընթացքում համայնքում «անցկացված» բոլոր մրցույթների արդյունքները, որոնք առնչվում են համայնքի ունեցվածքին: Որեւէ մրցույթ չի կարող օրինական համարվել, քանի որ դրանց ելքը նախապես կանխորոշվել է մարզի ավազակապետ Վահե Հակոբյանի գրասենյակում եւ ի իջեցվել իր գործիքներին՝ Մուրադին եւ Մարատին, ովքեր էլ հաճույքով ի կատար են ածել մարզպետի քմահաճույքները:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: