01/15/2025

Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը

Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ միասնական դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածության օգտին:

«Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին մենք հարցեր ուղղեցինք՝ պարզելու նրա պատկերացումները Հայաստանի զարգացման և անվտանգության մի շարք ասպարեզներում: Մենք գոհունակություն ենք հայտնում երկրի համար կարևոր հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերային մթնոլորտում քննարկումներ անցկացնելու հնարավորության համար»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ այսօր էլ քննարկումների ընթացքում ՀՀԿ խմբակցությունն ամբողջացրեց կարծիքը թեկնածուի պատկերացումների վերաբերյալ:

«Հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետևանքները, որոնք կարող են լինել, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք անմիջապես առաջանալու են Նիկոլ Փաշինյանի անձին ընտրելու պահից սկսած, ՀՀԿ խմբակցությունը որոշել է հայտարարել հետևյալը. մենք ընդունում և ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը՝ Հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին: Մենք համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի և դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ, պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի, և մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որն արագորեն կծնվի երկրում: Բոլորիդ ցանկանում եմ համբերություն, Աստված պահապան մեր ժողովրդին, Աստված պահապան մեր ազգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: