01/21/2025

Պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ կաշկանդված չէ հրամայական մանդատով. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը

Պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ կաշկանդված չէ հրամայական մանդատով. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը

 ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  iLur.am կայքում «Մի փոքրիկ, բայց կարեւոր դիտարկում» վերնագրված հրապարակման մեջ  շեշտադրում է պատգամավորի` հրամայական մանդատով կաշկանդված չլինելու, իր խղճով եւ համոզմունքներով առաջնորդվելու իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեր-Պետրոսյանը նշում է. «Թեեւ Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետեւյալ հանգամանքի վրա։  ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»:

Նա նկատում է, որ ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է:

«Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,- նշում է հրապարակման մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: