01/15/2025

Կարող եք արձանագրել, որ Հանրապետականը կսատարի Նիկոլ Փաշինյանին․ Վահրամ Բաղդասարյան

Կարող եք արձանագրել, որ Հանրապետականը կսատարի Նիկոլ Փաշինյանին․ Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը որոշել է սատարել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այս հայտարարությունը հնչեցնելուց հետո հարցազրույց է տվել «Ազատությանը»:

«Ազատություն»․ - Փաստորեն արդեն իսկ հստակ է, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև քիչ առաջ նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք՝ «Ելքը» և «Ծառուկյան» խմբակցությունը, միասին ունեն այդ 35 ձայները, որպեսզի առաջադրեն Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, որ Փաշինյանի առաջադրման դեպքում իշխող Հանրապետականը կսատարի նրա թեկնածությունը:

Բաղդասարյան․ - Բնականաբար կարող եք արձանագրել: Մենք որևէ տարբերակում կամ անուն չենք նշում: Այն թեկնածուն, որը կառաջադրվի պատգամավորների մեկ երրորդի ստորագրություններով, մենք կօժանդակենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենա վարչապետ:

Եվ ես խնդրում եմ նախորդ հայտարարությունը և այս հայտարարությունը տարբերեք: Այն ժամանակ մենք ասում էինք՝ չենք խոչընդոտի, այսինքն դա վերաբերում էր՝ նիստը կկայանա: Եվ մենք կայացրեցինք և մեզ համար շատ կարևոր էր այդ հանդիպումը:

Եթե նկատեցիք, առաջին անգամ էր, որ խմբակցության նիստը բաց էր լինում, ամբողջ լրատվամիջոցների ներկայությամբ, որպեսզի հանրությունը նույնպես իր կարծիքը ձևավորի ապագա վարչապետի, այդ ժամանակվա վարչապետի թեկնածուի հնարավորությունները գնահատի և մենք իմանանք ում ենք վստահում:

Մենք արդեն այսօր տեսանք, որ դրական է գնահատել նաև հանրությունը: Աստված տա՝ մենք սխալված լինենք մեր գնահատականի գնահատականի մեջ, որը մենք երեկ տվեցինք, և մենք, բնականաբար, հաշվի ենք նստում այդ իրավիճակի հետ և մենք օժանդակելու ենք, որպեսզի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ:

www.azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: