01/21/2025

Ինչո՞ւ էր Վահե Հակոբյանն ուզում ձերբակալել Մեղրու համայնքապետ Մխիթարին

Ինչո՞ւ էր Վահե Հակոբյանն ուզում ձերբակալել Մեղրու համայնքապետ Մխիթարին

Հայաստանի ներքաղաքական բուռն իրադարձությունների սյունիքյան արձագանքները, ինչպես ենթադրվում էր, տարբերվում էին եւ շարունակում են տարբերվել մյուս մարզերից:

Սյունիքյան իրադարձությունների հիմնական թիրախը Վահե Հակոբյանն ու համայնքների ղեկավարներն էին եւ են, ինչպես եւ Քաջարանի կոմբինատում բույն դրած ավազակախումբը:

Դա երեւում է նաեւ «Սյունյաց երկրի» խմբագրություն ուղարկվող դիմումներից, հոդվածներից, ստացվող հեռախոսազանգերից:

Մարզպետարանից ստացվող հերթական տեղեկատվությունն այն մասին է, որ Վահե Հակոբյանը Մեղրիում նույնպես ստեղծել էր «գործ տվողների»շարասյուն:

Մասնավորապես՝ մարզպետի պատվերով էին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթարը եւ Մեղրու հիվանդանոցի տնօրեն Լուսինեն (վերջինս ոչ անհայտ Ծաղիկի քույրն է) բողոքներ գրել բժշկասոցիալական փորձաքննության մարզային հանձնաժողովի նախագահ Անուշ Օրբելյանի գործունեության վերաբերյալ:

Պատվերով գրված նամակները՝ զրպարտող տեղեկություններով, մարզպետն ուղարկել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն՝ մարզային հանձնաժողովում արտահերթ ստուգումներ անցկացնելու նպատակով:

Իհարկե, ոչ ոք չի ասում եւ չի կարող ասել, թե որեւէ համայնքի ղեկավար, որեւէ հիվանդանոցի տնօրեն իրավունք չունեն իրենց մտահոգող հարցերը բարձրացնել ըստ պատկանելության: Բայց երբ բողոքը գրվում է ինչ-որ մեկի, այս դեպքում՝ մարզպետի հրահրմամբ, ապա դա, չուզենալու դեպքում անգամ, չենք կարող անբարոյականություն չանվանել:

Գրեթե նմանատիպ մի երեւույթ էլ նկատվեց Ագարակի դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանի դերակատարմամբ:

Հանրակրթական դպրոցի տնօրենը, կորցնելով ամոթը, սուտ մատնություն պարունակող մի հաղորդում ուղարկեց ոստիկանություն՝ իբր «Սյունյաց երկրին» առնչվող:

Դարձյալ մարզպետարանից ստացվող տեղեկատվության համաձայն՝ Էռնային սուտ մատնության է մղել Մխիթար համայնքապետը, ում էլ հրահանգել էր Վահե Հակոբյանը:

Եվ, այդուհանդերձ, մարզպետի հիվանդագին մոլուցքը՝ ամենուրեք ունենալ «գործ տվողների» շարասյուն, այլեւս որեւէ մեկին չի զարմացնում:

Մեզ չի զարմացնում Էռնայի եւ սպիտակ խալաթավոր Լուսինեի արգահատելի պահվածքն ու գործիք դառնալու կիրքը եւս:

Մխիթարի պահվածքն էլ այլեւս չի զարմացնում. տարիներ առաջ էին մեզ զգուշացնում, որ ընդունակ է նման քայլերի:

Ափսոսանքի տեղիք է տալիս բուն երեւույթը, որ մի քանի հոգի, մարզպետի հրահրմամբ, Մեղրու սրբազան հողում կարողացել են «գործ տվողների» բույն շինել: Այնպես որ՝ չենք էլ հարցնում՝ այդ ինպե՞ս եղավ, որ համայնքապետի անունը կապվեց Մեղրիից պատվերով գրվող բողոքների հետ: 

Վերջին օրերին մեր տրամադրության տակ են հայտնվել տեղեկություններ, թե ինչպես է Վահե մարզպետը Մխիթարին ներքաշել անմաքուր այդ խաղերի մեջ, որը, անշուշտ, խոսակցության առանձին նյութ է: Մի բան կարող ենք առայժմ հստակ ասել՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց մի քանի օր առաջ Վահե Հակոբյանը տողերիս հեղինակին հայտարարել է. «Մարզպետ նշանակվելու դեպքում առաջին գործս լինելու է Մխոյի ձերբակալումը, իսկ թե ինչու՝ հետո կիմանաք»: Մենք մարզպետին հանդուրժողականության կոչ արեցինք, բայց նա մնաց հաստատուն իր մտադրության մեջ: Եվ ստիպված եղանք զգուշացնել Մխիթարին, ով էլ արձագանքեց ոչ պակաս վճռականությամբ. «Դեռ պարզ չէ, թե ով ում կփակի, իսկ ես դրա համար հիմքեր ունեմ»:

Թե ինչու էին միմյանց սպառնում Վահեն ու Մխիթարը, նույնպես խոսակցության առանձին նյութ է:

Թե ինչու եւ ինչպես խաղաղվեցին այդ տղերքն ու սկսեցին իրար լրացնել չար գործերում, մնում է ենթադրություններ անել:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: