01/21/2025

Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան /լրացված/

Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: Առաջադրման համար անհրաժեշտ էր 35 ստորագրություն: 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը ստորագրել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձեւաթղթի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով ՀՅԴ-ի եւ «Ելք»-ի ձայները, կարծում եմ, որ մեր 27 պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի կարողանանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Մենք ունենք բացականեր, ովքեր արտերկրում են»,- նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, իսկ մեկ օր հետո հայտարարեց, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, սակայն նշեց, որ այս դեպքում հաղթել է խոհեմությունը: «Ես հույս ունեմ, որ ի վերջո հաղթեց  ժողովրդի դեմ չգնալու սթափ մոտեցումը: Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքն ու տեսակետը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ եւ 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝  Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու եւ պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: 

լրացում- «Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Վովայի Փաշինյանի առաջադրման փաստաթղթերն արդեն ներկայացվել են ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: