01/15/2025

Ռուս քաղաքագետը ԼՂ հարցում Հայաստանի վարած քաղաքականության էական փոփոխություններ չի կանխատեսում

Ռուս քաղաքագետը ԼՂ հարցում Հայաստանի վարած քաղաքականության էական փոփոխություններ չի կանխատեսում

 ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հասարակության ու քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունի որոշակի կոնսենսուս, որն իշխանության նոր կոնֆիգուրացիայի պայմաններում չի տարբերվի նախորդից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ արտահայտեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ պետք չէ ակնկալել էական փոփոխություններ: «Սա այս օրերի ամենակարևոր հարցերից է: Ադրբեջանի բլոգոլորտը հաճախ արտահայտվում է այն մասին, որ նոր իշխանությունը պատրաստ կլինի ինչ-որ փոխզիջումների կամ զիջումների գնալ: Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ իշխանության նոր կոնֆիգուրացիայի դեպքում Ղարաբաղի շուրջ քաղաքականությունը կարող է չափազանց տարբերվել նախորդից: Ես չեմ կարծում, որ Հայաստանի նոր իշխանությունները, եթե ինչ-որ բանից սկսելու են, դա լինի Ղարաբաղի հարցում զիջումը»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա, ըստ Մարկեդոնովի, Ղարաբաղի շուրջ արմատական քայլերի հարցում նրանք զգուշավոր են, եւ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ սրացում մի քանի պատճառով: «Ղարաբաղն, ի տարբերություն, օրինակ, Դոնբասի, չի դիտարկվում որպես «proxy war», այսինքն՝ ավելի մեծ երկրների շահերի բախում՝ ինչպես Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Ընդհակառակը՝ այս հարցում Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ կան ընդհանրություններ: Եթե դու հակադրվում ես Ռուսաստանին, ապա հակադրվում ես նաեւ Արեւմուտքին ու դա Բաքվում գիտեն»,-նշեց քաղաքագետը։

Բանախոսը նկատեց նաեւ, որ, եթե Հայաստանում անկայունությունն ավելի լուրջ մակարդակի հասներ, օրինակ, ներքին բախումներ լինեին, ապա Ադրբեջանը կարող էր օգտվել առիթից եւ շփման գծում դիմել կոշտ քայլերի, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ ցույցի խաղաղ հանգուցալուծման արդյունքում:

Բացի այդ, ինչպես Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, առջեւում Ադրբեջանում հանրապետության օրվա տոնակատարություններն են, բարձրաստիճան հյուրեր են սպասվում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, հավանաբար նաեւ Ռուսաստանից: Այդ օրվան ընդառաջ նրանք չէին ցանկանա բացասական ինֆորմացիոն ֆոն ձեւավորել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: