05/28/2022

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ

Կառավարության 2018թ. ապրիլի 12 N 464-Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը քաղաք Սիսիանի եւ 36 գյուղերի 26000 բնակչություն ունեցող համայնքին զրկում է քաղաքացիական առողջապահություն իրականացնող միակ բժշկական կենտրոնից:

Օպտիմալացման քողի տակ լուծարվում է մի բուժհաստատություն, որ Արցախյան պատերազմի տարիներին լինելով տարածաշրջանում միակ բուժհիմնարկը՝ բուժել է ավելի քան 360 վիրավոր եւ հիվանդ ազատամարտիկների՝ չունենալով ոչ մի մահվան ելք, մարտի դաշտում իրականացրել է  զինվորների բուժօգնություն:

Նախկին իշխող կառավարության քաղաքականության հետեւանքով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն վերջին 20 տարիներին անտեսվել է, համաշխարհային բանկի ծրագրով չի վերազինվել եւ չի վերանորոգվել այնպես, ինչպես մարզային մյուս բժշկական կենտրոնները:

2017թ. որակի ցուցանիշների  ամփոփումով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն մարզում առաջատարն է: 

Կառավարության որոշման մեջ մատնանշվում են մատուցվող ծառայություններ, որոնք ե՛ւ Սիսիանի բժշկական կենտրոնում, ե՛ւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում կրկնվում են, սակայն դրանք կազմում են ընդհանուր ծառայությունների 10%-ը:

Առողջության առաջնային պահպանման ծառայությունը, շտապ օգնությունը, ծննդօգնությունը, երեխաների հիվանդանոցային սպասարկումը, մասնագիտացված բժշկական ծառայությունն իրականացվում են միայն Սիսիանի բժշկական կենտրոնում: Նշված ծառայությունների գծով Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան ռեսուրսների եւ բժշկական կադրեր:

Սիսիանի ժողովրդին բժշկական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է՝ պարտադրելով նրան անցնելու եւս 10 կիլոմետր՝ Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում բուժօգնություն ստանալու համար:

1.Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրի կայազորային հոսպիտալն աշխարհագրական, տնտեսական տեսակետից մատչելի չէ սիսիանցու համար:

2.Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան մասնագիտացում եւ վերապատրաստավորում անցած բժշկական անձնակազմ՝ Սիսիանի բժշկական կենտրոնի ֆունկցիաներն իրականացնելու համար:

3.Հարակից բնակավայրերն Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ չկա:

4.ԱՆ-ում բուժմիավորման գործառույթներն ավելի թափանցիկ են, քան պաշտպանության նախարարությունում:

Երբ մայրաքաղաքում գործում են բազմաթիվ բժշկական կազմակերպություններ եւ  նրանց հարեւանությամբ գործող զինվորական հոսպիտալներ, չի քննարկվում նրանց օպտիմալացման հարցը, իսկ Սիսիանի տարածաշրջանի խեղճ ժողովրդին զրկում են միակ բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալու իրավունքից:

Հարգելով Սիսիանցու առողջ լինելու սահմանադրական իրավունքը, պահանջում ենք վերանայել կառավարության 2018թ ապրիլի 12 N 464-Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը, որն ընդունվել է՝ անտեսելով ժողովրդի կամքը, Սիսիանի բժշկական կենտրոնի 158 աշխատակիցների, Սիսիանի ավագանու կարծիքը:

Եռօրյա ժամկետում դրական պատասխան չստանալու դեպքում կոչ ենք անելու ժողովրդին՝ տեր կանգնել իրենց իրավունքին:

Հարգանքներով՝ 

«Սիսիանի բժշկական կենտրոն»

ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվ

3 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2022 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: