01/22/2025

Երեկ Գրիգոր Նարեկացու ծննդյան օրն էր

Երեկ Գրիգոր Նարեկացու ծննդյան օրն էր

Մայիսի 7-ը միջնադարյան հայ մեծ բանաստեղծ, աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ծննդյան օրն է, ով համարվում է  հայ գրականության վերածնության հիմնադիր: Նրա մասին կենսագրական քիչ տեղեկություններ են հասել մեզ: Ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին: Կրթություն է ստացել ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ: Նարեկացին վախճանվել է  1003 թվականին եւ թաղվել նարեկա վանքում: Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար: Նարեկացու հանճարն իր ողջ ուժգնությամբ ու փայլով բացահայտվել է  «Մատյան ողբերգության» պոեմում, որն ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ միտքը հնագույն ժամանակներից մինչը  10-րդ դարը: Միջնադարում հայերը «Մատյան ողբերգության»-ը համարել են դեղ կենաց, որի օգնությամբ ձգտել են մաքրվել հոգու մեղքերից եւ հասնել կատարելության: Գրքին վերագրվել է բուժիչ հատկություն, իսկ գրքի հեղինակի անունը սրբացվել է, միջնորդ ու բարեխոս համարվել Աստծո մոտ՝ «մեղավոր» հոգիների փրկության համար:  «Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզվով: Նրա գործերից հայտնի են՝ «Մեկնություն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի) եւ այլ գործեր: Իր տաղերով հայ պոեզիա է բերել աշխարհիկ բովանդակություն եւ կենսափիլիսոփայություն: 

«Հայ բանաստեղծներից առ այսօր վերստին նույն ինքն է  մեծերի մեջ մեծագույնը»,-  Նարեկացու մասին ասել է Պարույր Սեւակը, իսկ Թումանյանն ասել . «Նրա լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է՝ երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է  մինչեւ երկինք»:

2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է  կաթողիկ եկեղեցու ուսուցիչների շարքում՝ նրան հռչակելով որպես  «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: 2018 թվականի ապրիլի 6-ին Վատիկանում բացվել է  սբ. Գրիգոր Նարեկացու արձանը (հեղինակ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցի):

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: