01/15/2025

ՊԲ հրամանատարը Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին ներկայացրել է օպերատիվ իրադրությունն առաջնագծում

ՊԲ հրամանատարը Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին ներկայացրել է օպերատիվ իրադրությունն առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռատոնին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Ստեփանակերտի փողոցներում մայիսի 9-ին տվել են ՊԲ-ի զինվորական շարասյուները, որոնք հաղթական քայլերգերով խորհրդանշել են հավատարմությունը մեր ազգային ու պետական կարեւորագույն արժեքներին եւ պատրաստակամությունը այսուհետ եւս ամեն գնով տեր կանգնելու այն բոլոր ձեռքբերումներին, որոնք նվաճվել են արյան ու մաքառումների գնով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Այնուհետեւ մայրաքաղաքի «Վերածննդի» հրապարակից իրականացվել է ավանդական քայլերթ, որին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի եւ հանրային լայն շրջանակների ներկայացուցիչներ: Քայլերթի մասնակիցները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել եւ ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

Տոնական միջոցառումների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որտեղ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայկական երկու պետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության շուրջ, քննարկվել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: