01/22/2025

Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է. Նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է. Նախագահ Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է, քան սրանից մեկ ամիս առաջ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով: Հպարտ, որովհետեւ կարողացանք անել այնպիսի մի բան, որ որեւէ ուրիշ երկիր կամ պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել: Դա հեղափոխություն է հայկական ձեւով, որտեղ մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, ծաղիկներով եւ ժպիտով, ուրախությամբ եւ փուչիկներով»,-ասաց նա:

Լրագրողի այն հարցին, հանդիպել է արդյոք Արմեն Սարգսյանը Հանրապետության երրորդ նախագահի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ թեյ է խմել Սերժ Սարգսյանի հետ: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել եմ իրավիճակը, միասին թեյ ենք խմել»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա շնորհավորեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեդիան ևս լուրջ ներդրում ունի այս փոփոխություններում: «Ոչ միայն ես, այլ ամբողջ աշխարհը գնահատում է դա: Մենք պետք է այդ ողջ դրական էներգիան, եռանդը ներդնենք, որպեսզի մեր երկիրը  կառուցվի եւ դառնա ավելի լավը»,-նշեց նա:

ՀՀ չորրորդ նախագահը վստահեցրեց, որ հայրենադարձություն անպայման լինելու է: «Ցանկացած հայի հայրենիքն այստեղ է: Ես տեսնում եմ՝ վերադարձ արդեն կա, ամեն ինչ կախված է լինելու մեզնից: Եթե որոշ ժամանակ անց այդ դրական էներգիան լինի եւ երկիրը գնա առաջ, եթե դրական քայլերը լինեն, ապա  կարծում եմ, որ վերադարձ անպայման կլինի»,-հավելեց նախագահը:

Ապրիլի 13-ից Երևանում ընթացել են բողոքի ակցիաներ, որոնք գլխավորում էր ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 17-ին նա հայտարարեց առանց բռնության, բաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Սկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներում: Ապրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Մայիսի 1-ին խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ եւ 45 կողմ քվեարկությամբ: ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որտեղ ձայների մեծամասնությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: