01/22/2025

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հույս հայտնեց, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ կկարողանա նոր կառավարություն կազմել եւ լուծել հանրությանը հուզող խնդիրները՝ լինեն դրանք  տնտեսական, անարդարության, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, բարեկեցության հարցեր: «Ես իմ ներդրումն անպայման պետք է ունենամ եւ կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ: Այնպես որ ես հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու եւ կառավարությունն իրեն արդարացնելու է»,-ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ում հետ ինքը գործնական եւ շատ հարգալի հարաբերություններ ունի:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն առաջադրվել է Հանրապետության երրորդ նախագահի առաջարկով: «Կարեւորն այն է, որ ես պատրաստ եմ եւ ծառայում եմ իմ երկրին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ: Նույն Ազգային ժողովը, որն ընտրել է ինձ, ընտրել է նաեւ պարոն Փաշինյանին: Խնդիրն այն է՝ կարողանալու ենք մենք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ եւ ես, եւ մեր հայ ժողովուրդը, երազում է եւ երազել է 26 տարվա ընթացքում»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: